
GalaTV.am-ը գրում է.
Երեկ ԱԺ-ում խորհրդարանական շաբաթն ամփոփելիս ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերի պատգամավորներն անդրադարձել էին նաեւ Հիմնադիր խորհրդարանի գործունեությանն ու ապրիլի 24-ից «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մեկնարկելիք քայլերին, ժողովրդի համախմբման կոչերին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հայտարարել էր, թե Հիմնադիր խորհրդարանի ծրագրում քաղաքական օրակարգ չի տեսնում, իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարում է՝ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունները հղի են վտանգով և այս ընթացքում Հայաստանին ու հայ ժողովրդին միտված են խայտառակ անել ամբողջ աշխարհով մեկ: Հարցադրմանը` իսկ ապրիլյան միջոցառումներից հետո կմիանա՞ն շարժմանը, ՀՅԴ-ական Ռուստամյանը բավականին կոշտ էր արձագանքել. «Ի՞նչ գործ ունեմ ես այն ուժի հետ, որ գալիս է պառակտելու մեր միասնությունը: Ես այդ մարդու հետ ոչ կմիանամ, ոչ էլ սեղան կնստեմ»:
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն, անդրադառնալով այդ հայտարարություններին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց հետեւյալը. «Ես կարծում եմ՝ այդ բրիֆինգները, ասուլիսների շքերթը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, այն ուժերը, որոնք ապրիլի 24-ին ժողովրդի կողքին չեն լինելու, Աստված իրենց հետ, ժողովուրդը կտա իրենց գնահատականը, ինչ վերաբերում է շարքային կուսակցականներին, նրանք մեր ժողովուրդն են, ես վստահ եմ, որ 24-ից սկսած սարդարապատային վիճակ է լինելու, ոչ ոք չի ասելու՝ դու հնչակ ես, ես դաշնակ եմ, մյուսը՝ ՀՀՇ է, բոլորը կողք կողքի կանգնելու են: Ես կարծում եմ, որ վարկաբեկված ուժերն ինչքան բացասական արտահայտվեն մեր մասին, այնքան օգնած են լինում մեզ»,- ասաց Ժ. Սեֆիլյանը:
Նա նշեց նաեւ, թե Հիմնադիր խորհրդարանն ապրիլի 24-ին որեւէ հակազգային գործողություններ չի իրականացնելու, ինչպես խեղաթյուրում են որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլ ծրագրում են այդ օրը երեկոյան համախմբել մարդկանց, որից հետո սկսել գործողությունները. «Մենք 24-ին չենք պատրաստվում որեւէ խժդժություն անելու, ավելին, այդ օրը պատրաստվում ենք երկրի ներքին կագուկանոնը պահպանել: 24-ին մենք ուղղակի սկսում ենք խաղաղ մոբիլիզացիան, եւ այդ մոբիլիզացիայով որեւէ ընդդիմադիր ուժ միայն պետք է ուրախանա: Մենք տուն չենք վերադառնալու մինչեւ չձերբազատվենք այս ռեժիմից: Ժողովրդից հզոր ուժ չկա, որեւէ մեկը թող չկասկածի: Այսօր երբ մենք պատրաստվում ենք երկրի քաղաքական ղեկը վերցնելու, մենք համոզված ենք, որ երբ մեզ հաջողվի այս ռեժիմից ձերբազատվել, աշխարհաքաղաքական բոլոր կողմերը շատ հանգիստ մեր նման ուժի հետ գործակցելու են»,- նշեց Ժ. Սեֆիլյանը:



