Ժիրայր Սեֆիլյանին տարիներ առաջ ճանաչում էին որպես Արցախի հերոսամարտում մեծ ավանդ ունեցող ազատամարտիկ, իսկ այսօր նրա մասին խոսվում է ինչ-որ շարժումների, ավտոերթերի, հասարակության մեջ ինչ-որ ապակառուցողական կոչերով հանդես եկողի, ինչ-որ «ռեժիմ» տապալելու մասին բարձրաձայնողի տեսանկյունից:
Ամենաուշագրավը կարծես այս վերջին հայտարարությունն է, որով կոչ է արել ՀՀ քաղաքացիներին չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցված վարկերի մարումները, իսկ մինչ այդ էլ նման մի կոչ էլ արել ՃՈ կողմից նշանակված տուգանքները չմուծելու վերաբերյալ:
Հիմա երկու հարց Սեֆիլյանին, այսինքն դո՞ւք եք մարելու այդ վճարումները, թե՞ մարդկանց համար կոնկրետ խնդիրներ եք ստեղծում։ Եթե ԴԱՀԿ-ի ու դատարանների հետ խնդիրներ առաջանան, ապա ո՞վ է պատասխանատու այդ առնչությամբ: Սեֆիլյան Ժիրոն՝ իր շարժումո՞վ, թե՞ կոնկրետ այդ մարդը, ով կուրորեն կարող է անսալ այդ ապակառուցողական կոչին:
Այս տրամաբանությամբ հաջորդ կոչը կարելի է կանխատեսել, որ Սեֆիլյանը կանի կոմունալ վճարումներից հրաժարվելու առնչությամբ: Ծիծաղելի է ու շատ վտանգավոր:
Պետության մեջ մարդիկ պետություն են մերժում՝ իրենց հատվածական շահերից ելնելով ու դրան հանցակից ու մեղսակից են դարձնում անմեղ քաղաքացիներին: Սա անթույլատրելի է:
Բոլորն էլ լավ հասկանում են Սեֆիլյանի ու իր շարժման ապակառուցողական կոչերն ու հորդորները: Դե եթե այդպիսի լավ շարժում է, որը մտահոգված է հասարակության բարեկեցությամբ, ապա թող իր համեստ ներդրումը կատարի սոցիալական, տարբեր խոցելի խավերի կենցաղային բեռը թեթևացնելու հարցում:
Կոչ եք անում չվճարել, հաջորդ քայլով հայտարարեք, որ դուք եք մուծելու այդ վարկերի մարումները, ՃՈ տուգանքները և այլն և այլն:
Մի՛ խառնեք ժողովրդին ձեր սև գործերին: