Դմիտրի Խառատյանի ֆիլմագրությունում ավելի քան 100 ֆիլմ կա, նա ժողովրդական արտիստ է, հասարակության սիրելին, ում աստղն արդեն գրեթե չորրորդ տասնամյակն է` ինչ չի հանգչում: Իսկ ամեն ինչ սկսվեց 1976-ին, երբ էկրան բարձրացավ Վլադիմիր Մենշովի «Խաղարկում» ֆիլմը:

Արմատների մասին

Ծնվել եմ 1960-ի հունվարի 21-ին Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում` ինժեների ընտանիքում: Հայրս կիսով չափ հայ է, մայրս` ռուս: 1963-ին մեր ընտանիքը տեղափոխվեց մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաք, որտեղ էլ մինչև օրս ես ապրում եմ:

16 տարեկանում, անձնագիր ստանալիս, կյանքումս առաջին և վերջին անգամ «ազգային հարցի» շուրջ կոնֆլիկտ ունեցա, երբ համառորեն պնդեցի, որ անձնագրավարուհին «ազգություն» վանդակում «հայ» գրի: Դա ինձ համար սկզբունքային հարց էր: Չնայած երակներումս հոսող արյան միայն քառորդ մասն է հայի` ես այդ ազգին մանկուց եմ հարգանքով վերաբերվել: Դժվար է գտնել հայերից ավելի տարաբախտ ժողովուրդ: Իհարկե, բոլոր ազգերն էլ իրենց խնդիրներն ունեն, բայց հայերի մոտ դրանք ավելի շատ են եղել, քան մյուսների: Թեկուզ հենց թուրքերի իրականացրած ցեղասպանությունը, որը 1,5 միլիոն հայերի կյանք խլեց: Գիտեք որն է հայերի ամենագլխավոր կենացը: Ռուսները բաժակ են բարձրացնում «Առողջ լինենք» խոսքով, իսկ հայերն ասում են` «Ցավդ տանեմ»: Ուրիշի ցավը կիսելն այն ազգի սովորություններից է, որի մասնիկն եմ համարում ինձ:

Դերասանական կարիերայի մասին

 

Իմ մարմնավորած կերպարներից շատերը դրական հերոսներ են` չնայած հմայիչ սրիկաների էլ եմ խաղացել: «Սիրունիկ դեմ» ֆիլմում, օրինակ` խաղում էի անպատկառ, չարչիի հոգեբանությամբ մեկին, ով կանանց շնորհիվ կարիերայում բարձունքների է հասնում: Պարզապես ինձ ավելի հաճախ հերոս-սիրեկանների, ռոմանտիկների դերեր էին առաջարկում: Իսկ այդ ամպլուան տարիքային հստակ սահմաններ ունի: Իհարկե, հոգեպես ռոմանտիկ կարելի է մնալ մինչև խոր ծերություն, բայց թոշակառուների համար հերոսական դերեր գրեթե չկան: Իսկ տարիքային հերոսներ մարմնավորել առայժմ չեմ կարող... ֆիզիոլոգիապես չեմ կարող: Այդ պատճառով էլ նման դերեր ինձ չեն էլ առաջարկում: Չնայած ես գանգատվելու իրավունք չունեմ. իմ բախտը բերել է: Նույնիսկ երբ ռուսական կինոյի գործերը շատ վատ էին, ես, միևնույն է, նկարահանվում էի, թող որ ընդմիջումներով, բայց նկարահանվում էի:

Չխաղացած դերերի մասին

Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչն ինձ հրավիրեց «Իֆ ամրոցի բանտարկյալը» ֆիլմի դերընտրությանը. պետք է մարմնավորեի Էդմոն Դանտեսին: Սակայն ես գնացի հարբած, ի վիճակի չէի աշխատելու: Այնպես որ, այդ դերը չստացա իմ մեղքով: Փոխարենը խաղացի Լյուդովիկոսի դերը նրա «Հրացանակիրները» ֆիլմում: Այդ է պատճառը, որ չեմ ափսոսում: Իսկ Դանտեսին մարմնավորեց Եվգենի Դվորժեցկին: Նա կյանքից վաղ հեռացավ, բայց շատերի հիշողության մեջ մնաց հենց այդ դերով: Մեկ ուրիշ պատմություն: Ես պետք է խաղայի «Ոչ իդեալական կին» ֆիլմում, բայց ինձ չհաստատեցին, և նկարահանվեց Վլադիսլավ Գալկինը: Դրա համար էլ չեմ ափսոսում. Վլադը չկա, իսկ դերը մնաց:

Թուլությունների դեմ պայքարի և  առողջ կենսակերպի մասին

Ինչպես եմ պայքարել ալկոհոլիզմի դեմ: Պարզապես մի անգամ պատասխանեցի համլետյան հարցին` լինել, թե՝ չլինել, ավելի ճիշտ` ապրել, թե չապրել: Եվ որոշեցի: Ամենը, ինչ վերաբերում է ցանկացած մոլության, որը քայքայում է իմ մարմինն ու հոգին` լինի ալկոհոլ, թմրանյութ կամ ծխախոտ, այժմ ինձ համար արգելք է... Ես ուղղակի ապշում եմ. ամենքս էլ չափահաս մարդիկ ենք, ամեն ինչ հասկանում ենք, բայց ողջախոհությանը հակառակ բաներ ենք անում: Այս մոլորակի վրա ոչ մի կենդանի էակ դիտավորյալ թունավոր ծուխը «ներս չի ընդունում», որովհետև վնասակար է: Միայն մարդն է մազոխիստ: Ես հիշում եմ, թե ինչպես սովորեցի ծխել: Սիրտս խառնում էր, գլուխս ցավում էր, պտտվում, բայց, միևնույն է, ինձ ստիպում էի ծխել: Իսկ հետո օրգանիզմս սկսեց ինքնուրույն չընդունել ծուխը, և ես թողեցի ծխելը: 42 տարի ինքս ինձ քայքայել եմ, իսկ այժմ աշխատում եմ առողջ կենսակերպ վարել. մարզասրահ եմ հաճախում, թենիս եմ խաղում, լողավազան եմ գնում:

Ծննդյան օրվա գլխավոր նվերի մասին

Դա, անշուշտ, դստերս` Սաշայի ծնունդն էր: Նա իմ ծննդյան օրն է ծնվել` հունվարի 21-ին: Կինս` Մարինան, ճիշտ է, չէր ցանկանում այդ օրը ծննդաբերել, ասում էր` դեռ վաղ է, բայց ծննդաբերեց: Իսկ երբ երկրորդ կինս (նրա անունը նույնպես Մարինա է) սպասում էր Վանյային, ես երազում էի, որ նա մարտի 8-ին ծնվի, նվեր դառնա իր մայրիկին: Բայց որդիս ծնվեց մարտի 9-ին:

Կնոջ` Մարինա Մայկոյի մասին

 

Տարբեր տեսություններ կան, օրինակ, մեկ ամբողջի երկու կեսի կամ միմյանց ձգող տարբեր բևեռների մասին: Բայց ես այդ մասին չեմ մտածում: Հանդիպեցինք, ու վերջ: Այդպես պատահեց: Համընկավ: Եվ ահա 25 տարի է՝  միասին ենք: Եթե ժամանակը հետ շրջվեր, առանց վարանելու ես նորից նրան կընտրեի: Իսկ նա ինձ կընտրեր արդյոք` հարց է: Ես Մարինային չեմ «նվաճել», պարզապես նրան ընտրության հնարավորություն եմ տվել: Առաջին վեց տարիների ընթացքում իմ ու Մարինայի հարաբերությունները կարող էին ցանկացած պահի ընդհատվել: Բայց շարունակվեցին: Այն ժամանակ նա նույնպես հայտնի էր` «Միսս Տիրասպոլ» տիտղոսակիր, «Միսս ԽՍՀՄ» մրցույթի մասնակից: 19 տարեկանում Մարինան խաղացել էր իր առաջին դերը Ալեքսանդր Զելդովիչի «Մայրամուտ» ֆիլմում: Նրան բոլորը սիրահետում էին, փորձում բարեհաճությանն արժանանալ: Եվ երբ Մարինան ինձ հանդիպեց, բավական ինքնահավան էր: Մենք ծանոթացանք Օդեսայում` նկարահանումների ժամանակ:

Նա ընդհանրապես մյուսներին նման չէր, յուրահատուկ էր: Մեզ մոտ զբոսաշրջային սիրավեպ սկսվեց, որը երկարատև ընտանեկան կյանքի վերածվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել