ՀԱԿ որոշ գործիչներ հարցազրույցներ են տալիս և «ավետում» այն մասին, որ մարտի 1-ի հանրահավաքին պիտի ելույթ ունենա Լևոն Տեր-Պետրոսյանը և ներկայացնի հետագա գործողությունների ծրագիրը:
Արժանին մատուցելով Լևոն Տեր-Պետրոսյանին` ՀՀ-ն ստեղծելու, մեր բանակն ու Սահմանադրությունն իրողություն դարձնելու համար, այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ քաղաքականությունը թոշակառուներին չի սիրում... Հատկապես այն թոշակառուներին, որոնք հանուն ինքնապաշտպանության՝ պատրաստ են գործարքների մեջ մտնել իշխանության հետ, պատրաստ են մերթ Գաբոն քահանա լինել, մերթ՝ Կարլ Մարքս... Դրանց բոլորի ժամանակն անցել է: 2008 թվականից, երբ ընտրությունների նախօրյակին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանին Կառավարական ամառանոցում, ինչի մասին մինչև օրս լռել եմ, ընդդիմությունն անընդհատ պարտություններ կրեց, ձախողումները դարձան օրինաչափ:
2013-ին Լևոն Տեր-Պետրոսյանը չկանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ժողովրդի կողքին, որն արդեն մի նոր զարթոնք էր արձանագրել, որը տագնապեցրել էր իշխանություններին: Ամբիցիաներն ու իշխանություններին չնեղացնելու իր ծրագրով Տեր-Պետրոսյանը չարախնդաց՝ տեսնելով անծրագիր Րաֆֆի Հովհաննիսյանին...
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների պյուռոսյան հաղթանակի մեջ ևս Լևոն Տեր-Պետրոսյանն իր վաստակն ու ծառայությունն ունի...
Տեր-Պետրոսյանը պիտի պատասխան տա երկրում ստեղծված տնտեսական կոլապսի համար, որովհետև ինքն էր փառաբանում ԵՏՄ-ին անդամակցելու իշխանությունների որոշումը, ինքն էր խոսում երևութական օգուտների մասին: Պարզ է, խոսք էր տվել իր ջանքերով հայաստանյան կառավարական և քաղաքական դաշտում ամրակայված Սերժ Սարգսյանին՝ որևէ բացասական բառ չասել մեր ինքնիշխանությունն ու տնտեսությունը քայքայող որոշման դեմ...
Հիմա ի՞նչ է ուզում Տեր-Պետրոսյանը, ինչո՞ւ է հերթական անգամ ջանում մոլորեցնել բոլորին և ձախողել նոր ընդդիմության ձևավորումը: Հերթական անգամ ի՞նչ ելույթ է ունենալու, մոնղոլ-թաթարական արշավանքների մասի՞ն է խոսելու՝ նույն օրվա գիշերը մի բաժակ սուրճ կամ կոնյակ խմելով իշխանությունների հետ...,
Չէ, պարոն Առաջին նախագահ, այլևս պետք չեն Ձեր վարժապետական քարոզները, Ձեր ուշացած ու ժամանակավրեպ քաղաքական վերլուծությունները: Թույլ տվեք Ձեզ ընդունել որպես խորհրդանիշ ու լեգենդ, բայց ոչ երբեք մերօրյա առաջնորդ:
Ուրեմն հիշեք թոշակառուի Ձեր կարգավիճակը, մանավանդ որ բարելավվել են Ձեր նյութական միջոցները...
Նստեք տանն ու աշխատություններ գրեք շումերական քաղաքակրթության կամ խաչակրաց արշավանքների մասին:
Իսկ մեզ թողեք կառուցել մի նոր Հայաստան...