...Իրավիճակային տեսանկյունից ընդդիմադիր եռյակը, ինչպես մեզ է թվում, սայթաքեց զանազան պատրանքներ, այդ թվում՝ իրենց իսկ հյուսած քարոզչական կերպարներն ու կաղապարները իրականության հետ խառնելու հետևանքով:
Դիտարկենք կոնկրետ երևույթը:
Տեր-Պետրոսյանի հայտնի «քաղաքագիտական վերլուծությամբ» ու դրան հաջորդած շրջանում հետևողականորեն իրականացվում էր Ծառուկյանի «առասպելականացում»: Նրան վերագրվում էին բազմապիսի հատկանիշներ ու առաքելություններ: Սկսած «բուրժուադեմոկրատական հեղափոխության» առաջնորդ կամ առաջնորդներից մեկը կարգելուց, վերջացրած փրկչական ներշնչանքով, ապա՝ ինքնաներշնչանքով: Ահա այսպիսի ու այսպիսի բարի, լավ, ուժեղ, ամենակարևորը՝ հարուստ, չէ՝ շա՛տ հարուստ, հսկա, որ ասում է, թե իրեն պաշտոն պետք չէ և այսպես շարունակ:
Ոչ ոք, այդ թվում և մենք, չի վիճարկում կոնկրետ անհատի՝ Գագիկ Ծառուկյանի մարդկային իրական հատկանիշները կամ բնավորության գծերը: Դա չէ հարցը: Հարցն այն է, որ «կերպարակերտման» ընթացքում, չգիտես ինչու, և առաջին հերթին հենց կերպարաստեղծները մի տեսակ «մոռանում էին», որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանն իսկապես քաղաքական գործիչ չէ, կամ ինչպես ինքն է ասում՝ «դասական քաղաքական գործիչ չէ»:
Մինչդեռ դա էական հանգամանք է: Որովհետև քաղաքական մեծ պարտիա նախաձեռնելն ու ամբողջ «խաղադրույքը» ոչ քաղաքական անձնավորության վրա դնելը չափազանց ռիսկային ձեռնարկում է: Դա մոտավորապես նույնն է, եթե նոր-նոր լողալ սովորած, ընդամենը մի քանի անգամ լողավազան այցելած մարդուց ակնկալես, որ հեսա-հեսա «բատերֆլայ» ու «բրաս» լողաոճերով Եվրոպայի էլ չէ՝ աշխարհի ռեկորդ է սահմանելու:
Ամենից տխուրն այն էր, որ շատերն այնքան բուռն լծվեցին փրկչի կերպար կերտելուն, որ կարծես իրենք էլ հավատացին, որ արհեստականորեն ստեղծած կերպարի հետ գործ ունեն, այլ ոչ թե իրական ու կոնկրետ անհատի:
Եվ հիմա, երբ իշխանության բառացիորեն 1-2 քայլից հետո ցրվեցին քարոզչական մշուշն ու փայլը, ու կատարվեց այն, ինչ միանգամայն կանխատեսելի էր, նրանք... անակնկալի եկան:
Ավելին՝ Ծառուկյանից հեղափոխականի կերպար կերտողները «մոռացան», թե դրանից առաջ իրենք իսկ ինչեր էին ասում նրա մասին, ինչպիսի ծանր մեղադրանքներ ու վիրավորական արտահայտություններ էին անում: Եվ նրանց թվաց, թե մնացած բոլորն էլ դա մոռացան:
Ինչ-որ պահից սկսած՝ Գագիկ Ծառուկյանն ինքն էլ հավատաց, որ ինքն իսկապես հենց այն կերպարն է, փրկիչն է, որ կա: Մարդկայնորեն դժվար էլ է, հատկապես «ոչ դասական» գործչի համար, դիմանալ այդքան գովասանքներին, երբ օրնիբուն քո զինակիցները, քո հեռուստաընկերությունը, քո դաշնակիցները և բոլոր-բոլորն ասում են, թե դու ես «ամենա-ամենա-ամենա»-ն: Նման ինքնաներշնչանքի մասին են վկայում ԲՀԿ ղեկավարի ոչ այնքան վաղուցվա թեկուզ այն հայտարարությունները, թե ինքն ում է տեսնում երկրի ղեկավարի թեկնածու կամ մեծահոգաբար համաձայնում էր ինքը դառնալ, եթե այլ հարմար թեկնածու չգտնվի ու նման բաներ:
Զուգահեռաբար նույն շրջանակները նորովի շարունակում էին հակառակորդի, այսինքն՝ իշխանության ընդհանուր, բայց առավելապես կոնկրետ նախագահի դեմ ուղղված ինտենսիվ հակաքարոզչությունը: Ըստ որում՝ որքան որ ԲՀԿ ղեկավարը հրապարակավ «կոռեկտության» դիրքերից էր հանդես գալիս, «տակից» հարյուրապատիկ ոչ կոռեկտ, գռեհկության աստիճանի հասնող բնորոշումներով, նրա վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցներն ուղղակի անձնավորված մաղձ էին ժայթքում: Ու էլի կերպարներ ու քարոզչական կաղապարներ էին գծում, այս անգամ, հասկանալի է, գերազանցապես բացասական:
Հիշում եք, չէ՞, որ «ռեժիմը խուճապի» մեջ է, «թույլ է, թուլակամ է», այս է, այն է: Էականն այն չէ, թե էլ ինչ բնորոշումներ էին տալիս, այլ այն, որ իրենք էլ՝ «եռյակայինները» և իրենց համակիրները, գրեթե անվերապահորեն հավատում էին, որ իրենց իսկ գծած կամ ուրվագծած կերպարի և նկարագրած «խուճապահար ռեժիմի» հետ գործ ունեն:
Կարճ ասած՝ պատրանքային պատկերներ գծելու հարցում մարդիկ այնքան էին «խորացել», որ մի տեսակ կորցրել էին իրականության զգացողությունը:
Ու, խնդրեմ, երբ «հանկարծ» պարզվեց, որ իշխանությունն ամենևին էլ խուճապահար չէ, որ հակառակը, կարող է դիմել կոնկրետ քայլերի և, ընդհանրապես, իրենց գծած հակակերպարը չէ, եռյակի թղթաքարտե տնակը վայրկենապես փլուզվեց:
Հայաստանում շատերը երբ ասում են՝ ընդդիմություն, դրա տակ հասկանում են գրեթե անձնական թշնամություն: Ցավն այն է, որ այդպես ընկալողների մեծ մասը ոչ թե իշխանական թևում է, այլ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Տարիներ շարունակ այն մոտեցումն է ներարկվել, որ եթե չես հայհոյում, ապա վերջ՝ կեղծ ընդդիմություն ես, «ական»: Այսինքն՝ հիմնակետը ոչ թե քաղաքական ընդդիմություն լինելը, այլ հենց թշնամանքն է դիտվել մի տևական շրջան:
Իսկ երբ տարիներով թշնամանք ես քարոզում, դիրքավորվում ես որպես թշնամի, դա վաղ թե ուշ տանելու է բախման կամ նման իրավիճակի: Մինչդեռ դա փակուղի է թե՛ երկրի, թե՛ հասարակության, մի խոսքով՝ բոլորի, այդ թվում՝ հենց ընդդիմության համար: