Опа, опа,
Америка, Европа…

Իմ մանկության տարիներին ռուսական պապսան էսպիսի միտք-մեղեդի էր շրջանառում՝ «Опа, опа, Америка, Европа…»` մեր անմեղ ու մեղավոր հոգիները նախապատրաստելով աշխարհաքաղաքական մարտահրավերներին։ Եթե լուրջ, ապա բոլորովին էլ կատակի կամ երգելու տրամադրություն ու ցանկություն չկա՝ նկատի առնելով ըստ էության եվրոպա-ամերիկյան ալյանսի (իմա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ) հերթական աչքակապության կամ քաղաքական ձեռնաշարժությունները: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչի մասին հերթականությամբ…

Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումների, սահմանի երկայնքով լարվածության աճի կապակցությամբ (փաստ), որոնք երկուստեք հանգեցրին մարդկային և նյութական կորուստների, ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական մտահոգությունը հերթապահ չհորջորջվելու պատրանք ստեղծեց: Նկատվեց, որ կողմերին ուղղված կոչում համանախագահների հայտարարությունն ու դիրքորոշումը տարբերակումների երանգ ուներ, մասնավորապես ակնարկում էր սահմանային միջադեպերի բազմապատկման գործում Ադրբեջանի առաջնահերթ պատասխանատվության մասին: Պատկերավոր ասած՝ տողատակով Բաքվին ու մնացյալին հավաստիացվեց, որ «hարձակվողի և պաշտպանվողի միջև հավասարության նշան չի դրվում»:

Մինչդեռ…

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ահա՛, միանգամայն ճի՛շտ եք, նա ձեր իմացած Կասպշիկն է, որին մենք այնքան լավ ենք ճանաչում, որ ինչ անունով ուզում՝ կոչում ենք՝ կասպշիկ, կասպրշիկ, կասպրչիկ: Բայց նաև չեք սխալվում, որ սույն պաշտոնյան անձնական տառապանք ու փորձ ունի ադրբեջանցիների հետ կապված, շատ հեռու չգնանք և հիշատակենք ԵԱՀԿ կառույցի ներքո սահմանին անցկացվող մշտադիտարկումների խափանումն ադրբեջանի զինուժի արձակած կրակոցի պատճառով: Կարելի է ասել, Կասպշիկը հերոսական, ես կասեի՝ մահապարտի կեցվածք է դրսևորել՝ հայտնվելով իր ենթակաների, ասել է թե՝ իր ուղղությամբ կրակած արկածախնդիր պարսատիկավորների տանը… Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը շփման գծում, անցկացված մշտադիտարկումների արդյունքները, Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը: Հետաքրքիր է՝ զրուցակիցների տեղեկությունները «մոնիթորինգի» արդյունքների մասով որքանո՞վ են համընկել…

Օրերս շփման գծում բռնությունների աճի առնչությամբ մտահոգություն հնչեցրել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուուրլիքը, ով տեղեկացրել էր առաջիկայում եռանախագահների՝ տարածաշրջան այցելելու, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների և անձամբ նախագահների հետ նոր բանակցություններ վարելու մասին:

Եվ, ահա, նույն, Ուորլիքը հայտարարել է ադրբեջանցի պատգամավորների հետ հանդիպման մասին՝ խոստովանելով, որ օգտակար են եղել իր զրուցակիցների տեսակետները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Դիվանագիտական բառապաշարով, իհարկե, տարբերակելի է օգտակարություն կամ արդյունավետություն եզրը, սակայն ժամանակը վաղուցիվեր փաստել է, որ այդ հատկանիշները ոչ գործառնապես, ոչ էլ բովանդակապես չեն տարածվում բանակցային գործընթացի վրա: Եվ ոչ հայերի մեղքով: Մեկնաբանությունները թողնում եմ հաջորդիվ…

Հ.Գ,
ԱՄՆ վարչակազմը 2016թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում առաջարկել է կրճատել Հայաստանին և Ադրբեջանին մատակարարվող օգնությունը՝ միաժամանակ պահպանելով այդ երկրներին հատկացվող ռազմական օգնության համահավասարությունը։ Ուշագրավ է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում սա կլինի անկախություն ստանալուց ի վեր Հայաստանին հատկացվող ամենափոքր օգնությունը, որը 2 մլն դոլարով պակաս կլինի 2014թ. փաստացի հատկացված տնտեսական օգնությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել