«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Նաիրիտի 2200 աշխատակիցներից նամակ է ստացել, որտեղ նրանք խնդրում են բարձրացնել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցը:

Նշեմ, որ փետրվարի 6-ին Նաիրիտի 2200 աշխատակիցներ ազատվելու են աշխատանքից:
Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի՝ նրանք պետք է ստանան իրենց աշխատավարձերն ու դրան հավասարեցված վճարները:

Նաիրիտցիների բողոքի ցույցերից ակնհայտ է դառնում, որ նրանց աշխատավարձերի պարտքը փետրվարի 6-ին չի մարվելու:

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցս պետք է լիներ վերոշարադրյալի մասին, բայց քանի որ ինչպես գրեթե միշտ է լինում, ԱԺ հարցուպատասխանը կարգավորող էլեկտրոնային համակարգը չգիտես ինչու կրկին այնպես հերթագրեց, որ ինձ հարց հնչեցնելու հերթ չհասավ, հարցս Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում …
Հարց.
1. Ի՞նչ է արվել կամ արվում Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար:
2. Ի՞նչ է արվում Նաիրիտի վերագործարկման ուղղությամբ: 
Նաիրիտցիների խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, և յուրաքանչյուր անգամ կառավարության կողմից առաջարկվում են որոշակի երաշխիքներ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ տարածաշրջանում այդ քիմիական գիգանտի հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցն այդպես էլ լուծում չի ստանում:
Թե ի՞նչ արդյունք կլինի այս անգամ, և արդյո՞ք կրկին չի ոտնահարվի հազարավոր քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ կերևա առաջիկա 48 ժամերի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել