«Ամանորի տոնակատարություններին հաջորդած Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների կտրուկ ակտիվացումը եւ դրանց ընթացքում հայկական կողմի ունեցած զոհերի ու վիրավորների թվի ավելացումը խոստանում են 2015 թվականը դարձնել ռազմական շփման ողջ գծի երկայնքով ծավալվող «փոքր պատերազմի» տարի։
Նման եղանակով գործելու հստակ առաջադրանքը ամրագրված է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հունվարի 12-ի հայտարարության մեջ, որի բովանդակությունը նման է պարտիզանական պատերազմի ստալինյան մարտավարությունը հիշեցնող՝ հակառակորդի ոտքերի տակ «հողն այրելու» պահանջին։
Ավելին՝ Ադրբեջանի նախահարձակ լինելու եւ հրազենային զենքի հետ միասին փոքր տրամաչափի հրետանային համակարգեր գործի դնելու մասին տեղեկատվությունը այլեւս որեւէ գաղտնիք չի ներկայացնում ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության համար։
Օրերս Ադրբեջանի նախագահին ընդունած Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելը հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվող էսկալացիայի համար բաց տեքստով մեղադրեց Ռուսաստանին՝ մոռացության մատնելով, որ հայկական զինուժին կորուստներ պատճառած հատուկ ջոկատայինները Թուրքիայում ու Հյուսիսային Կիպրոսում պատրաստված պրոֆեսիոնալներ են, հնարավոր է՝ նաեւ հենց այդ երկրների քաղաքացիներ։
Այնուհանդերձ այն իրողությունը, որ ընդունելով Ադրբեջանի ժառանգական միապետին, «հին ու բարի» Եվրոպայի «երկաթե լեդին» մոռացության է տվել անցած տարվա ընթացքում գերմանական իրավապաշտպանների ու կառույցների կողմից Ալիեւին տառացիորեն՝ անարգանքի սյունին գամելու փաստը, վկայում է, որ Գերմանիայում Ադրբեջանին սկսել են նայել «ուկրաինական ակնոցով»։ Զուգահեռաբար Արեւմուտքի ճնշումը մեղմացնելու համար որոշ հարցերում Թուրքիայի բարեհաճ վերաբերմունքի կարիքը զգացող Ռուսաստանում նույնպես կարծես թե այնքան էլ հակված չեն ուշադրություն դարձնելու ՀԱՊԿ-ի գծով իր դաշնակցի անմիջական սահմաններին կատարվող իրադարձությունների վրա։
Սա բարդ խնդիրների առջեւ է կանգնեցնում Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը, որը ստիպված է դիմակայել Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն պատերազմի նոր ալիքին։ Սրանում է թերեւս թաքնված հակառակորդի ներկա ինքնավստահության հիմնական՝ ներքին պատճառը, որը հիշեցնում է արյան հոտն առած գազանի պահվածքը»,– գրում է թերթը։