Երբ հուզական, լարված վիճակում փողոց դուրս եկած գյումրեցիները, որոնցից շատերը, իրավաբանական կրթություն չունենալով, պահանջում են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը, ինչ-որ առումով հասկանում եմ, բայց երբ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով հանդես են գալիս քաղաքական գործիչներն ու պատգամավորները, սա ուղղակի մեծ ողբերգությունից քաղաքական դիվիդենտներ շահելու կամ գլխավոր դատախազի հետ անձնական խնդիրներ լուծելու ճանապարհ է: Հարգելի Վահան Բաբայան, ճիշտ է, Գևորգ Կոստանյանը երկար ժամանակ չէ, որ զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը, բայց դատախազությունն այսօր կայացած կառույց է (Պետք է նշեմ, որ Գևորգ Կոստանյանը լուրջ ժառանգություն է ստացել նաև Աղվան Հովսեփյանից), որի հետ հաշվի են նստում բոլորը, և խորհուրդ եմ տալիս Ձեզ քաղաքական դիվիդենտներ շահելու համար չմտնել պետության իրավական կառույցները թուլացնելու դաշտ: Շատ շատերը, այդ թվում և ԲՀԿ-ական շրջանակներում, կցանկանային գլխավոր դատախազի պաշտոնում տեսնել ոչ սկզբունքային մեկին, ում հետ հնարավոր կլիներ խոսել նաև օրենքից դուրս: Հարգելի Վահան, վստահ եմ` չեք կարող Ձեր քաղաքական թիմից տալ որևէ մեկի անունը, ով առավել ազնիվ և բարեխիղճ կկատարի գլխավոր դատախազի պարտականությունները, քան Գևորգ Կոստանյանն է կատարում: Հարգելի Վահան, մի մտածեք, որ Դուք կամ ԲՀԿ-ի քաղաքական էլիտան կամ քաղաքականությամբ զբաղվող, բայց ոչ քաղաքական էլիտան առավել շատ եք սիրում Հայաստանն ու մեր ժողովրդին, քան գործող իշխանությունը կամ գործող գլխավոր դատախազը: Ողբերգական իրավիճակներում քաղաքական դիվիդենտներ շահելը լավ բան չէ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել