Վլադիմիր Պուտինը հերթական անգամ ցուցադրեց Արևմուտքին, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են իրեն և անառարկելիորեն ենթարկվում են իրեն:
Հայաստանի իշխանությունների նման պահվածքն այդքան վիրավորական և ստորացուցիչ չէր լինի մեր ազգի համար, եթե նրանք չլինեին ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչներ:
Կարելի է ենթադրել, թե ինչ են մտածում Գարեգին Նժդեհին չճանաչող օտարերկրացիները և նրա ուսմունքին անծանոթ մարդիկ՝ տեսնելով ՀՀԿ կուսակցության վարքն ու վարած քաղաքականությունը:
Եթե հանրապետականները հաճախ կարդան իրենց կուսակցության կանոնադրությունը և հետևեն նրան, ապա շատ բաներ այլ կերպ կլինեն:
Բերեմ միայն մեկ օրինակ:
ՀՀԿ կայքի կուսակցություն բաժնի ծրագիր ենթաբաժնում «Մեր արժեքներն են» խորագրի երկրորդ կետի տակ կարդում ենք՝
«Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում, ՀՀԿ համոզումով, էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը: Հայ ազգային գաղափարախոսությունը կառուցվում է հայոց արժեհամակարգի ու պատմամշակութային փորձի զուգակցումով` ազգային և համամարդկային արժեքների համադրմամբ: Այն պետք է ամրապնդի հայության հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ և իբրև գաղափարախոսական համակարգ` մշտապես զարգացում ապրի»:
Այս տողերից հետո մնում է միայն ենթադրել, որ հանրապետականները կամ չեն կարդում իրենց կանոնադրությունը, կամ էլ չեն հասկանում կարդացածը:
Սակայն պետք է խոստովանել, որ գեղարվաստորեն շարադրելու հարցում նրանք վարպետ են, իսկ Գարեգին Նժդեհի հիշատակը «վառ պահելու» գործում՝ անգերազանցելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/826777567393600?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել