Գյումրիում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ իշխանություններին, մասնավորապես դատախազությանը պահանջ էին ներկայացրել, որ Գյումրիում կատարված ոճրագործության գործի քննությունը հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, և ոճրագործության կասկածյալը հանձնվի ՀՀ իրավապահներին: Շիրակի մարզի ոստիկանապետը հայտարարել էր, որ ժամը 16.30-ին դատախազությունը հայտարարություն կանի պահանջի վերաբերյալ...
Այնուհետև հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր կայքում հայտարարություն է տեղադրել: Ահա սույն հայտարարությունը. «Գյումրի քաղաքում հունվարի 12-ին ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ»:
Ինչպես նկատելի է՝ այս հայտարարության մեջ ակցիայի մասնակիցների պահանջն արտացոլված չէ, այլ ընդամենը կրկնում է նախօրեին դատախազության հայտնած դիրքորոշումը, ըստ որի՝ գործի քննության մեջ առաջին պլանում ոչ թե հայ իրավապահներն են, այլ ՌԴ հետաքննիչները...