Tert.am-ը գրում է․
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ պատմաբան Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է տոնական օրերին նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի Ճրագալույցի առիթով կատարած գրառմանը՝ սկսելով նրանից, որ իր ասելիքը որևէ աղերս չունի քաղաքականության հետ՝ ոչ երեկվա, ոչ այսօրվա և ոչ էլ վաղվա։
Նշենք, որ Հրանտ Բագրատյանը մասնավորապես ասել էր, որ հայերը լուրջ ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում, բայց չի կարելի պատմությունը կեղծել։ «Օրինակ, աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը Օսրոյենեն է։ Գոնե մի անգամ թերթեք հանրագիտարանները։ Մենք մեզ գովելով՝ չենք էլ նկատում, որ այսօր աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք»,- գրել էր նա։
«Օսրոյենեն շուրջ երեքուկես դար գոյություն ունեցած (առանձին ընդհանրացումներով), հելլենիստական պետություն էր Հյուսիսային Միջագետքում (մ.թ.ա. 132-մ.թ. 216) իր Եդեսիա մայրաքաղաքով, որը պատմության թատերաբեմից դուրս եկավ Կարակալլայի կողմից նվաճվելուց հետո։ Ըստ պատմական աղբյուրների՝ Օսրոյենեի բնակչության էթնիկ կազմը եղել է բազմազգ՝ պարթևներ, հայեր, հրեաներ, արաբներ, իշխող գահատոհմի աստիճանաբար արամեացմամբ, ապա նաև՝ հայացմամբ»,- «Առավոտ» օրաթերթում գրում է Ֆարմանյանը։
Դառնալով այն պնդմանը, թե քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է Օսրոյենեում, պատգամավորը գրում է. «Բոլորիս հայտնի է, որ նկատի ունի Եդեսիայի Աբգար թագավորի՝ դարձի գալու մասին պատմությունը, ինչի մասին հիշատակում է Խորենացին և ցավոք սրտի միայն, եթե չեմ սխալվում, միայն Խորենացին։ Սակայն Բագրատյանը կամ չգիտի, կամ էլ մոռանում է նշել, որ Եդեսիա-Օսրոյենեի կառավարիչ Աբգարը՝ Խորենացու պատմությունում հիշատակվում է որպես «Եդեսիայի Հայոց Աբգար թագավոր»։ Պատահակա՞ն է սա։ Իհարկե՝ ոչ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



