ՍԱՐԻ ԱՂՋԻԿ նախագծի կամավորները բեմադրել են հայկական Ամանորը Megerian Carpet Armenia-ում: Տարազների համար շնորհակալ ենք Տերյան մշակութային կենտրոնին: Լուսանկարների համար շնորհակալ ենք Էդգար Բարսեղյանին ու Էդգար Հովհաննիսյանին:

Նոր տարին հայերը նշում էին տանը, ընտանիքով, ազգականներով: Սակայն մարդիկ նախապատրաստվում էին տոնին հոգեբանորեն, ջանում էին մոռանալ վիրավորանքները, վճարել պարտքերը, մաքուր խղճով դիմավորել տոնը: Թխում էին գաթա, նազուկ, բիշի: Երեկոյան, սովորաբար, ընթրիք չէր լինում, սակայն սեղանը զարդարվում էր այդ տոնը խորհրդանշող ուտեստով` թարմ ու չոր մրգեղենով, ընդեղեններով, թխվածքներով, որի շուրջ հավաքված ընտանիքը, հանդարտ զրուցելով, սպասում էր այցելուներին: Իսկ այցելուները շատ որոշակի էին` խնամիական կապերով կապված ազգականները: Այս նկարում տեսնում ենք հենց այդպիսի ուրախ մի ընտանիք: 

Այդ գիշեր, նշանված աղջիկներն ընկույզ, չամիչ, չոր ու թարմ մրգեր, փեսացուի ընտանիքի անդամների համար մեկական զույգ
գուլպա մի գլխաշորի մեջ ծրարած զգուշորեն մոտենում էին փեսացուի տանը և բաց երդիկից լուռ իջեցնում տոնական այդ նվերը: Տնեցիներն իրար էին խառնվում, դուրս թռչում տնից
և ջանում բռնել փախչող հարսնացուին: Եթե հաջողվում էր` տուն էին բերում, հյուրասիրում և որևէ նվերով ճանապարհում: Ինչպես տեսնում ենք, այստեղ պատկերված է այն պահը, երբ հարսները պատրաստվում են այցի գնալ իրենց փեսացուներին:

Առհասարակ, այդ գիշեր, բարեկամների երդիկից ընդեղեններ ու մրգեր, երբեմն նաև հավերի, խնձորների, գաթաների շարաններ գցելը ընդունված սովորություն էր: Տոնական այդ գիշերը, 10-12 տարեկան տղաների խմբերը շրջում էին գյուղում, երդիկներից դատարկ գուլպա իջեցնում և տոնական երգեր երգելով` տոնական մթերք պահանջում: Տանտերերն էլ չէին խնայում, գուլպան լցնում
էին սեղանի բոլոր բարիքներից, թեև այցելող տղաների թիվը երբեմն անցնում էր մեկ տասնյակից: Այստեղ տեսնում ենք տանտերերին, ովքեր գուլպաների մեջ են լցնում տոնական սեղանի բարիքներից:
 

Տոնի գլխավոր, ծիսական ուտելիքը «կորկոտը» կամ «քյաշկան» էր, Երևանի շրջակայքում ու Նախիջևանում` «հարիսան»: Խոր կաթսայի մեջ շերտընդմեջ դասավորում էին ծեծած ու տաք ջրով լվացած ցորենը, նոր մորթված անասունի (տավար, խոզ, ոչխար, այծ) մսի յուղոտ կտորները, խուփը ծածկում և դնում թոնիրը` մարմանդ կրակի վրա: Քյաշկան եփվում էր ողջ գիշեր: Այս ճաշատեսակին շերեփ չպիտի դիպչեր, որպեսզի տարին հստակ, առանց խժդժությունների անցներ: Առավոտյան կողմ, դեռ լուսը չբացված, բոլոր տներում վառվում էին լույսերը, սեղանին
էր դրվում բուրումնավետ քյաշկան, ընտանիքը բոլորում էր սեղանի շուրջ: Տան ավագը շնորհավորում էր Նոր տարին և սկսվում էր սրբազան քյաշկայի ճաշակումը:

Արևը ծագելիս ընտանիքն արդեն զուգված էր տոնականորեն, և նրա անդամների մի մասը պատրաստվում էր տոնական այցելություններն սկսելու, մյուսները` այցելուներին դիմավորելու: Տանտերերը եկող հյուրերի գլխին չիր ու չամիչ էին շաղ տալիս` առատության բարեմաղթանքներով, իսկ վերջիններս, մատուցարանը տանտիրուհուն հանձնելով` շնորհավորում էին Նոր տարին, նույնպես առատ տարի մաղթում:

Այսօր դժվար է Նոր տարին պատկերացնել առանց տոնածառի: Այս համատարած երևույթի ուշագրավ դրսևորումներ հանդիպում ենք նաև որոշ հայկական սովորույթներում: Օրինակ, Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ մի ճյուղ խրել նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ»է: կոչվում: Տնեցիներից յուրաքանչյուրը «Կաղանդի ծառից» կտրում էր փոքր ոստ և ինքն իր լուսավոր ճակատագիրն ապահովելու նպատակով զարդարում
ընկուզեղենով: Առավոտյան, տանտերը հաստ ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն, տան անդամներից յուրաքանչյուրի մազերից մեկ-մեկ մազ հանում,
փաթաթում ճյուղին և այն ամրացնում գերանին: Բարեբեր իմաստն ուներ հասկերով կամ
հասկերից պատրաստված «ծառերով» զարդարանքները, որոնց վրա նույնպես կախվում էին չարխափաններ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել