Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանը վավերացրեց Վրաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Ասոցացման համաձայնագիրը», ինչը նշանակում է, որ Վրաստանը և ԵՄ-ն շարունակում են համագործակցությունը՝ ամրացնելով արդեն իսկ առկա հիմքերը: Մյուս կողմից վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման գործընթացի համատեքստում ևս դրական մթնոլորտ է ստեղծվում. հավաստումը ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերջին հայտարարությունն է, որով վերջինս պաշտոնական Թբիլիսիի հետ համագործակցության և բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնում, ինչին ի պատասխան վրացական կողմը դրական է արձագանքել: Նշվածը շատ կարևոր է հատկապես այն տեսանկյունից, որ վերջերս Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքվելուց հետո վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման գործընթացին լուրջ վնաս կարող էր հասցվել: Ուստի կարելի է արձանագրել, արդեն իսկ գրանցված դրական արդյունքները կպահպանվեն՝ պահպանելով զարգացման միտումը: Վերոնշյալն, իհարկե, առաջին հերթին, բխում է Վրաստանի շահերից, բայց, արի ու տես, որ վերջինիս ամենա ամենա դաշնակից ԱՄՆ-ն խանդով է վերաբերվում հիշյալ գործընթացներին: Մասնավորապես, ԱՄՆ սենատի կողմից ընդունված օրենքի նախագծից հանվել է Վրաստանին առնչվող 7-րդ կետը, որի համաձայն Վրաստանին շնորհվելու էր ԱՄՆ հիմնական գործընկերի կարգավիճակ: Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, նշված կետը չընդգրկելու որոշումն անակնկալ կերպով կայացրել է Սպիտակ տունը: Վրացի ընդդիմադիրները վերոնշյալի համար մեղադրում են Վրաստանի գործող իշխանություններին՝ քննադատելով նրանց պասիվության մեջ:
Իրականում, չի բացառվում, որ ամերիկացիներն իրենց դիրքորոշումն են արտահայտում վրացի գործընկերների կողմից՝ վերջին երկու տարվա ընթացքում իրականացվող քաղաքականության նկատմամբ: Խոսքը ՌԴ-ի հետ հարաբերություններ հարթելու ուղղությամբ տարվող՝ վրացական կողմի ջանքերի և ռուսական «ագրեսիայի» (ինչպես վրացիներն իրենք են հաճախ ասում) նկատմամբ ադեկվատ վերաբերմունքի բացակայության մասին է: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ խանդով է վերաբերվում վրաց-ռուսական հաշտեցման հնարավորությունների առաջացման հանգամանքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել