Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանը կվավերացնի Վրաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Ասոցացման համաձայնագիրը», ինչն, ըստ էության, լուրջ ձեռքբերում է Վրաստանի համար: Վերջին տասնամյակում Վրաստանն անշեղորեն իրականացնում է Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու քաղաքականություն: Այդ ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ: 2012թ.-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները ևս հավատարիմ մնացին որդեգրած եվրաինտեգրման կուրսին՝ շարունակելով ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Այդ ուղղությամբ գրանցված լուրջ ձեռքբերում կարելի է համարել ԵՄ-ի և Վրաստանի միջև կնքված Ասոցացման համաձայնագիրը, որը թեև իրականում չի նշանակում մեկ քայլ առաջ ԵՄ անդամագրման գործընթացում, և հաստատումն է այն հանգամանքի, որ Վրաստանն ու ԵՄ-ն գնում են միմյանց ընդառաջ, այդուհանդերձ, այն թույլ կտա առավել պարզ և մատչելի ձևով իրականացնել հետագա գործողությունները: Այդ առումով վերջինս փորձում է բարեփոխումների միջոցով ցույց տալ իր պատրաստակամությունն՝ ուղղված նշված կառույցին անդամ դառնալու նպատակին, իսկ ԵՄ-ն իր հերթին աջակցում և նպաստում է այդ բարեփոխումների շրջանակում իրականացվող միջոցառումներին, որպեսզի դրանց արդյունքում արձանագրվի ստեղծված նոր պայմանների առավեագույն համապատասխանությունը եվրոպական չափանիշներին:

Եվրախորհրդարանի նշված նիստին կմասնակցեն Վրաստանի ներկա և նախկին նախագահներ Գ. Մարգվելաշվիլին և Մ. Սահակաշվիլին: Սա իհարկե կարևոր հանգամանք է, քանի որ վերոնշյալ գործընթացի հիմքն, ըստ էության, դրվել էր հենց վերջինիս իշխանության տարիներին: Մյուս կողմից նաև հետաքրքրական է, որ Սահակաշվիլին ներկայում հետախուզվում է Վրաստանի իրավապահների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել