Վրաստանի տարադրամի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել: Լարին արագ տեմպերով արժեզրկվում է:
Վրաստանի Կենտրոնական բանկի նախագահն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ հավաստիացնելով բնակչությանը, որ վրացական տարադրամի շուկայում տեղի ունեցող զգալի տատանումները, լարիի արժեզրկումը Վրաստանի ֆինանսական և մակրոտնտեսական կայունության վրա բացասական ազդեցություն չի ունենա: Միևնույն ժամանակ, վրացի պաշտոնյան նշել է, որ ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Վերջինս, սակայն, դժվարացել է կանխատեսել, թե երբ կկայունանա իրավիճակը տարադրամի հետ կապված:
Ի դեպ, լարիի արժեզրկումն աննախադեպ չափերի է հասել, նախկինում նման տատանումներ չէին արձանագրվել: Ներկայում տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը չի գործում կամ հրաժարվում է դոլար վաճառել, իսկ վաճառքի դեպքում սահմանում բավականին բարձր գին: Այս օրերին լարի-դոլար հարաբերակցությունը միջինը 2-ը մեկի է, այսինքն՝ 100 դոլարն արժե ավելի քան 200 լարի, որոշ դեպքերում նաև 220:
Հ.Գ. Նման իրավիճակում հասկանալի է դառնում՝ ապրանքների գների ամանորյա ավանդական բարձրացումներն աննախադեպ չափերի կարող են հասնել: Ուստի ոչ միայն Վրաստանի, այլ նաև մեր պատկան մարմինները պետք է աչալուրջ լինեն և համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ հատկապես կանխարգելելու թե՛ տարադրամի փոխանակմամբ զբաղվող սուբյեկտների և թե՛ վերոնշյալ հանգամանքներից օգտվող շատ-շատ առևտրականների՝ հաճախ արհեստականորեն, անտրամաբանական գնային քաղաքականություն իրականացնելու փորձերը: