ArmnewsTV.am-ը գրում է․
Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության տարածման մակարդակը գրեթե հավասար է: Տարբեր են մամուլում ատելության լեզվի տարածման սկզբնաղբյուրները: Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում հոկտեմբեր ամսվա ուսումնասիրության համաձայն, լրատվամիջոցներում տեղ գտնող նյութերի 2-3 տոկոսը պարունակում է ատելություն տարածող բովանդակություն: Ադրբեջանական ԶԼՄ-ներում ատելության հիմնական թիրախը այլ ազգություններն են` հիմնականում հայերը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վրաստանի մամուլում ատելություն պարունակող հրապարակումների աղբյուրը քաղաքական գործիչներն են, Ադրբեջանում պետական պաշտոնյաները, իսկ Հայաստանում հենց իրենք լրատվամիջոցները:
Ուսումնասիրության մեջ ընդգրկված չէ Թուրքիան: Սակայն նույն ատելության թեմայով «Թարաֆ» թերթում հետաքրքիր հոդված է հրապարակել Թաներ Աքչամը: Թուրք գիտնականը համեմատել է թուրքական և հայկական դասագրքերում 1915 թվականի դեպքերի ներկայացումը: Աքչամը հաճելիորեն զարմացել է, որ պատմության դասագրքի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հատվածներում ներկայացված է ոճրագործության ամբողջ պատմությունը, սակայն թուրքերի նկատմամբ ատելություն չի սերմանվում:
Աքչամը բնական է համարում, եթե դասագրքերում հանդիպեր թուրք ժողովրդին դատապարտող և ատելություն տարածող մեկնաբանություններ: Նրա խոսքով, դա կտեղավորվեր սպանդի ենթարկված զոհի հոգեբանության մեջ, սակայն շատ կարևոր է, որ դասագրքային լեզվին այդքան զգուշություն և ուշադրություն է հատկացվում: Ավելի վաղ Թաներ Աքչամը հոդված էր հրապարակել նոր թուրքական դասագրքերի մասին, որոնք նախորդ տարիների համեմատ հայերի հանդեպ ավելի անհանդուրժողական են, իսկ ցեղասպանության ժխտողականությունը հասցված է աննախադեպ մակարդակի: Աքչամը իրավացիորեն նշել էր, որ թուրքական իշխանությունը ներողության հայտարարություններ է անում, խոսում հաշտեցման անհրաժեշտության մասին, սակայն նոր սերնդին կրթում է անցյալի ժխտողական ոգով:
Տեսանյութը՝ այստեղ