Պատերազմ չի լինելու. Սերժ ՍարգսյանSlaq.am-ը գրում է.

ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ բախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետեւել է ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային եւ այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաաշտարակից հետեւել են նաեւ մարտական հրաձգության փուլին, այնուհետեւ տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաեւ ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգեւատրման արարողությունը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինված ուժերի սպաներին ու զինվորներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների եւ խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ:

«Հարգելի՛ գեներալներ, սպաներ,

Սիրելի՛ զինվորներ,

Ավարտին են մոտենում ԼՂՀ պաշտպանության բանակի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության շրջանակներում երբեւէ անցկացված ամենախոշոր, լայնամասշտաբ, ամենաօգտակար, զորավարժությունները, եւ չնայած ցավալի դեպքին, ես համարում եմ, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել: Իհարկե, համապատասխան մասնագետների, պատասխանատուների կողմից դեռեւս կամփոփվեն, կվերլուծվեն եւ հետեւություններ կարվեն, բայց այն, ինչ մենք տեսանք պայմանական մարտադաշտում, մեզ ուրախացնում է: Դուք ցուցաբերեցիք բարձր մարտական ունակություններ, ցուցաբերեցիք կամք, ցուցաբերեցիք Հայրենիքին նվիրվածություն: Ապրե՛ք, շնորհակալ եմ ձեզ:

Զորավարժությունների այս օրերին շատ ու շատ հայացքներ սեւեռված էին այստեղ՝ ձեզ վրա, եւ դրանք միայն ձեր հպարտ ծնողների հայացքները չէին, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության, ամբողջ հայ ժողովրդի, որովհետեւ դուք մեր հույսն եք եւ մեր հավատը, դուք մեր սուրն եք եւ վահանը, իսկ ինչպես հայտնի է, վահանը ամուր է լինում, սուրը՝ շեշտակի, երբ դրանք գործադրվում են արդար նպատակով: Դուք ծառայում եք արդար գործի:

Ապրե՛ք դուք:

Անշուշտ, ձեզ հետեւում էին նաեւ օտարները եւ առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջեւ տարբերություն չեն դնում եւ ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված եւ իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում: Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, եւ լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նույն ոգով շարունակել: Ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաեւ այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, եւ, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ եւս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա մենք ունենալու ենք մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ:

Պարոնա՛յք սպաներ,

Սիրելի՛ զինվորներ,

Պայմանական մարտի դաշտում եւ շփման գծում ձեր կողմից ցուցաբերած վարքը, ձեր մարտական պատրաստականությունը արժանի է ոչ թե թերագնահատման, այլ գնահատանքի: Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների՝ փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին: Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ եւ հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք եւ զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել