ԹԱՄԱԶ ՃԻԼԱՁԵ՝ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ թարգմանությամբ
(հատված «Պոսեյդոնի պալատը» վեպից)

...Ճիշտ է, մենք դեռևս չենք տեղափոխվել ուրիշ մոլորակ, բայց մեր փոքրիկ ու հարմարավետ մոլորակն արդեն նեղում, անհանգստություն է պատճառում մեզ։
Հիմար մտքեր, ուրիշ ոչինչ։ Ախր, ինչո՞ւ անպայման տխուր աստառ փնտրել մեր ձգտումների ու երազանքների, մեր գիտակցության ու թեկուզ սխրանքների համար, մի՞թե ուրախությունից չէինք արտասվում այն ժամանակ, երբ իմացանք, որ մարդը ոտք է դրել Լուսին։ Բայց չէ՞ որ անխուսափելի չէ նաև այն, որ տասը հազար տարի հետո տեղի կունենա այն, ինչից մենք այժմ երկնչում ենք ներքուստ։ Օ՜, ո՜չ, ամենևին, մենք ունենք սեփական ժամանակ, որը կոչվում է հավերժություն, ուստի հավերժական է նաև մեր կյանքը։ Երբ սկսում եմ դատել այս կերպ, վերցնում եմ գրքերի ետևում պահած կոնյակի շիշը։ Այն սփոփում է ինձ, քանզի այդ ժամանակ ես համոզվում եմ, որ այն, ինչ մտածում եմ, իսկապես հիմարություն է։ Բայց խորանալով իր դատողությունների մեջ՝ մարդը կարող է գալ այն համոզման, որ կյանքում հավերժական ոչինչ չկա։ Ա’յ թեկուզ, Հանիմեդը։ Նա արդեն խմբագիր չէ։ Լավ, Հանիմեդին էլ մի կողմ թողնենք և հայացքով ընդգրկենք մեր անփոփոխ ու ամենականոնավոր աշխարհը՝ տիեզերքը։ 
Ահա Հյուսիսափայլը՝ երկնային քարտեզի ամենանշանակալից կենտրոնական կետը, որը մի լուսավոր կողմնորոշիչ է գիտնականի, ճանապարհորդի համար, տիեզերքի կանթեղն է, փարոսն ու հույսը։ Ներեցեք ինձ, խնդրում եմ։ Դա ոչ թե աստղ է, այլ պարզապես պաշտոն, աթոռ, այն էլ ժամանակավոր, դեպի որը ձգտում են անհամար այլևայլ աստղեր։ Միաժամանակ բյուր են այն աստղերը, որոնք երբեմն զբաղեցրել են այդ պաշտոնը։
Գոյություն ունեն նաև այնպիսի աստղեր, որոնք պաշտոնաթող են եղել ու երբևէ կվերադառնան այդ բարձր ու առկայծուն աթոռին։ Այսպիսի աստղ է, օրինակ, Տուբանը, որը երկուս և կես հազար տարի առաջ Հյուսիսափայլ էր, իսկ հիմա Վիշապի համաստեղության շարքային անդամ է։ Այնուամենայնիվ, նա չի հուսալքվում, որովհետև լավ գիտի, որ 20 հազար տարի հետո վերստին կստանա ժամանակավորապես կորցրած տիտղոսը։ Այս աթոռի համար պայքարում են Ցեփևսի աստղային համակարգության երեք անդամ։ Նրանք ևս հաղթանակի երաշխիք ունեն, երկուս, չորս և վեց հազար տարիներ հետո կնվաճեն Հյուսիսափայլի դափնեպսակը։ Խոշոր ու փայլուն Վեգա աստղը վստահորեն լողում է դեպի իր մեծությունը։ 12 հազար տարի անց նա էլ Հյուսիսափայլ կդառնա։ Շարունակում եմ կոնյակ խմել և սկսում եմ հարբել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել