Magaghat.am-ը գրում է.
Թատերական աշխարհում, զանազան միջոցառումներում ու հատկապես ռադիոյի ձայնասրահներում Սոս Սարգսյանին հանդիպելը հաճելի ծեսերից մեկն էր: Բայց նրա հետ մոտիկից շփվելու առիթ ստեղծվեց «Խնձորի այգին» ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո, որը չգիտեմ ինչու` կազմակերպվել էր Բերդ քաղաքի «Արևաբերդ» կինոթատրոնում:
Հայրս այն ժամանակ «Այգաբաց» թերթի խմբագիրն էր, ներածական խոսք ասաց և ինչպես վայել էր իր պերճախոսությանը`գլխավոր դերակատարին հասցրեց վարպետության ամենաբարձր կատարին:
Դերասանն իր ելույթում այլ խնդիրների անդրադարձավ, խոսեց ռուսական դպրոցների վտանգավորության և Մեծ եղեռնի հոգեբանական հետևանքները վերացնելու մասին:
Դահլիճը շունչը պահած լսում էր, մարդիկ հաճախ չէին համարձակ խոսք լսում, ասես կախարդված լինեին /կարծում եմ` Սոս Սարգսյանի այդ ելույթի ազդեցությունն էր պատճառը, որ իմ շատ հայրենակիցներ 1991-ի նախագահական ընտրություններում իրենց քվեն նրան տվեցին, անգամ համոզմունք կար, թե հենց նա է հաղթել/: Ցուցադրությունից հետո կինոթատրոնի տնօրենի աշխատասենյակում մտերմիկ հանդիպում եղավ: Մեծ դերասանը զարմացած էր հայրիկիս թատերական գիտելիքներից, զգացվում էր, որ շատ է ազդվել նրա այն խոսքից, որ ինքը կենդանի Թումանյանն է թե արտաքինով, թե ձայնով, թե ներքինով:
-Իսկ իմ կարծիքով դուք ձեր հայրիկին եք նման,-ասացի ես,-ավելի ճիշտ` ձեր պապին:
-Այ, ապրես, հենց նրանց եմ նման: Ուղղակի նման եմ, ուրիշ բան չկա:
Ինչ որ ասացի` տարիների տպավորությունս էր, մտքիս մեջ երկար էի պահել-պահպանել: Դե իհարկե, խոստովանությունն անհարմար պահի եղավ, հայրս շփոթվեց: Բայց անսպասելին այն էր, որ դերասանն անկեղծության մղվեց:
-Ուրիշ բան չկա՞,-կրկին ոգևորվեց արվեստի շտեմարան հայրս,-դուք նրանց դերերն անգերազանցելի եք խաղում:
Ու այնպիսի մանրամասնությամբ, ինչը հատու է հմուտ արվեստաբանին, հայրս սկսեց վերլուծել նրա դերերը, համեմատել համաշխարհային ու հայ մեծերի հետ, չլսված եզրահանգումներ անել:
Դերասանի համար այդ օրն անակնկալների շարան էր, ու սիրով լսում էր իրեն շռայլվող գովասանքները:
Շրջապատի համար ևս բարձրին առնչվելու պատեհություն էր ստեղծվել, չնայած կեսգիշեր էր`ոչ ոք չէր ուզում հեռանալ: Երբ այնուամենայնիվ արդեն միմյանց բարի գիշեր էինք մաղթում` Սոս Սարգսյանն ինձ մի գաղտնիք ասաց.
-Ախր ճիշտ է, ես դերասան եմ, բայց խաղալ չգիտեմ: Ես ոչ մի դեր չեմ խաղում: Էդ արվեստից ընդհանրապես հեռու եմ: Ես բեմ եմ դուրս գալիս կամ խցիկի առաջ կանգնում եմ ու ինձ եմ ներկայացնում: Ով ինձ դերասան է կոչում` նա բեմարվեստից բան չի հասկանում:
-Իմ հայրը…
-Չեմ վիճում` նա փառահեղ մտավորական է, բայց ես դրանից դերասան չեմ դառնում: Ես չեմ խաղում, ես բեմից ու էկրանից զրուցում եմ: Բայց դու հայրիկիդ սա չասես, թող մեր գաղտնիքը մնա: Մանավանդ որ երկուսիս հայրերն էլ նույն անունն ունեն: Հապա ասա Արտաշես…
Ես մեր գաղտնիքը ընդմիշտ կպահեի, եթե ինքը` Սոս Սարգսյանը, այդ մասին չխոսեր: Այն, որ ինքը դեր ասող չէ` բոլորի համար ըմբռնելի էր, բայց որ դեր ասվածն ընդհանրապես մերժում էր` սկսեց ավելի հաճախ ու ավելի հիմնավոր բացատրել: Դա անում էր իր նորատիպ գրքերում, հարցազրույցներում, հեռուստահաղորդումներում:
Արդարև, անկեղծությունը մեծերին զարդարում է, իսկ մեզ` նրանց մեծության վկաներին վիճակված է խնկարկուի ազնիվ դերը:
Այնպես պատահեց, որ 2010թ. Սոս Սարգսյանն ընթերցելով մեկ տարի առաջ գրած ,,Ապաքինման տոն,, թատերակս` մի էական հանգամանք նշեց, ասաց` հրաշալի է, բայց ինտրիգը մի քիչ ուժեղացրու, հայն ու թուրքն էդքան արագ համաձայնության չեն գալու:
Ավելին լսել ինձ վիճակված չէր, ուրեմն պետք է ներքին զգացողությանն ապավինեի: Երկար մտմտալուց հետո չորս էջ ավելացրի` շեշտը դնելով այն վտանգի վրա, որ սպառնում է Հայ դատը պաշտպանող ցանկացած ամերիկացու: Չէ՞ որ թուրքերը ցեղասպանության ուրացումից չեն հրաժարվում, դրանից բացի` հատկապես ԱՄՆ-ում միլիարդներ են ծախսում յուրայիններ գնելու և հայկական լոբբինգը ձախողելու համար:
Սոս Սարգսյանը կարդաց և այս անգամ ավելի մանրակրկիտ բացատրեց.
-Հիմա ամեն ինչ իր տեղում է: Քանի դեռ ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը չի ընդունել` էդ երկրում անմեղ դպրոցականների են գնդակահարելու, ուրիշ երկրներ են ներխուժելու, աշխարհի չորս կողմերը տակնուվրա են անելու: Շատ կարևոր է, որ հենց Ամերիկան ոճիրն ընդունի: Երբ որ դա եղավ` իմացիր, որ մյուս երկրներն առաջկտրուկի տալով ճանաչելու են: Ու հաստատ եմ ասում` դրանցից մեկը հենց ցեղասպան Թուրքիան է լինելու: