Հոկտեմբերի 10-ի հանրահավաքն իսկապես բացառիկ է լինելու Հայաստանի քաղաքական պատմության մեջ: Բացառիկ ոչ այն ընկալմամբ, թե երեք ընդդիմադիր ուժ համախմբվել և ցանկանում են երկրում հասնել նոր օրակարգերի և նոր իրավիճակի հաստատման: Նման փորձեր եղել են մեզանում: Եվ ոչ միայն մեզանում: Հանրահավաքը բացառիկ է, որովհետև առաջին անգամ ընդդիմադիր հարթակ է բարձրանալու օլիգարխը, խոշոր գործարարը, որը, ի տարբերություն այլ օլիգարխների, քաղաքական կուսակցության առաջնորդ է, ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այսինքն, ընդունված բոլոր չափորոշիչները և պատկերացումները վաղուց խախտած մի անհատականություն, որը ժամանակ առաջ հայտարարեց այլընտրանքային ուժ ձևավորելու մասին: Այլընտրանք՝ իշխանություններին, այլընտրանք՝ քաղաքական պատկերացումների այն համակարգին, որը հաստատվել է մեզանում: Այսօր արդեն այլընտրանքն իր մեջ է ներառնում նաև որոշակի ընդդիմադիր տարրեր, ինչը մտնում է քաղաքական ընկալումների տրամաբանության մեջ և ինչը մեզանում հաստատում է բոլորովին նոր քաղաքական մշակույթ և որակ:
Գագիկ Ծառուկյանը ելնում է այն կարծրացած ընկալումների դեմ, թե օլիգարխը, խոշոր հարկատուն, որը շատ բաներով է կախված իշխանություններից, չի կարող ընդդիմադիր հայացքներ և մոտեցումներ ունենալ: Ծառուկյանի դեպքում ոչ այնքան ընդդիմադիր կեցվածքն է դառնում առաջնային, որքան՝ երկրում բարեփոխումներ և նոր սոցիալական իրավիճակ հաստատելու պատրաստակամությունը: Հանրահավաքին ելույթ են ունենալու նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը: Գործիչներ, որոնց կեցվածքն ու համոզմունքները վաղուց հայտնի են: Հանրապետության հիմնադիր նախագահն ընդգծված ընդդիմադիր է, որը պաշտպանում է հիմնարար և խորքային հեղափոխականության գաղափարը, նրա գործունեությունն ու սկզբունքները քաջածանոթ են: Ծանոթ են նաև «Ժառանգության» առաջնորդի մոտեցումները, քաղաքական համոզմունքները: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, հայտնություն է լինելու ընդդիմադիր տրամադրություններով հանրահավաքի եկողների համար, որովհետև մինչև այժմ տարբեր մեկնաբանություններ են հնչել, տարբեր ենթադրություններ են եղել: Ծառուկյանի բարեկամական կապերը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, խոշոր հարկատու լինելու հանգամանքը ոչ միշտ են ընկալվել օբյեկտիվորեն, և ոմանք համոզվածորեն պնդել են, թե Գագիկ Ծառուկյանը երբեք չի ելնի իշխանությունների դեմ, երբեք չի խախտի բարեկամական և մտերմական սահմանները: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդը նախօրեին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված իր հարցազրույցում որոշակիացրել է իր սկզբունքներն ումտածումները, նաև՝ իր ծրագիրը:
Ուրեմն, հոկտեմբերի 10-ն իսկապես կարող է մեր պատմության մեջ դառնալ եզակի օր: Ավելին, այն կարող է կանխանշել հետագա քաղաքական զարգացումները, «դանդաղ» իշխանափոխության ընթացքի առանձնահատկությունները: Հատկապես շեշտում ենք «դանդաղ» իշխանափոխությունը, որովհետև Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն արդեն հուշեց, որ իշխանափոխությունը չի լինելու կայծակնային, այլ ընթանալու է դանդաղ ու համաչափ՝ հասնելով մինչև 2018 թվական:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/563606697077126?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել