Ամեն ինչի չափանիշ ու որոշող հանդիսացող բրիտանացի գիտնականները, հավանաբար,խորապես ուսումնասիրել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, հետազոտել Հայաստանում իշխանության տրամադրություններն ու ցանկությունները և եկել այն եզրակացության, որ Հայաստանի փրկության միակ ճանապարհը Սահմանադրության փոփոխությունն է և անցումն է խորհրդարանական կառավարման ձևի: Սա հայ ժողովրդի դարավոր պատմության բարձրակետն է լինելու, փրկության գլխավոր ճանապարհը: Եվ Սահմանադրության փոփոխումից ու վարչապետին մեծ լիազորություններ տալուց հետո՝ հայ ժողովուրդը կլուծի բոլոր պատմական կնճիռները, թուրքերը կընդունեն Ցեղասպանության փաստը, կդատապարտեն իրենք իրենց, կվերադաձնեն Արևմտյան Հայաստանը, եթե չվերադարձնեն՝ դաշնակներն արյան ծով կդարձնեն Ստամբուլն ու այդ քաղաքն էլ կնվիրեն Հայաստանին, Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և Բաքվում տարածք կտա ԼՂՀ դեսպանատան համար: Դե, ինչ վերաբերում է Հայաստանից արտագաղթածներին, նրանք անմիջապես տունդարձի ճանապարհը կբռնեն, ու Հայաաստանը կունենա առնվազն 5 մլն բնակիչ…
Ահա թե ինչ է նշանակում սահմանադրական բարեփոխումը Հայաստանում: Բայց սա դեռ բոլորը չէ: Կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանն ու նրա վարչակարգը Հայաստանը կհռչակեն սահմանադրական միապետություն ու հավերժորեն կիշխեն՝ այսպես մեկը մյուսին փոխանցելով իշխանությունը: Ուրեմն, Սերժ Սարգսյան առաջինին կփոխարինի Սերժ Սարգսյան երկրորդը, Հովիկ Աբրահամյան Ա-ին՝ Հովիկ Աբրահամյան Բ-ն… Քանզի բրիտանացի գիտնականները եկելեն այն համոզման, որ Հայաստանի փրկության միակ ճանապարհն իշխանության վերարտադրությունն է, միակուսակցական համակարգն է, որը կարող է ստեղծել նաև ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի նման արբանյակ կուսակցություններ, որոնք մոտ ու սերտ կլինեն իշխանություններ, որոնք շեփորներ ու ծնծղաներ կհնչեցնեն՝ ամեն անգամ ընդդիմադիր խաղալով և ամեն անգամ փառաբանելով ամենահաղթ իշխանություններին… Եվ նույն բրիտանացի գիտնականները կոչ են հնչեցրել ողջ աշխարհին, որ ընդօրինակեն Հայաստանի իշխանություններին, երկրի համար դժվարին ու ճակատագրական պահերին գնան դեպի սահմանադրական բարեփոխումները, որովհետև դրանք են դառնում կարևոր շրջադարձերի երաշխիքներ…
Բայց ահա բրիտանացի գիտնականները չեն կարողացել հաշվարկել այն բարոյական ու նյութական վնասները, որոնք արձանագրել են դեպի վերարտադրություն ընթացող հայաստանյան իշխանությունները, չեն կարողացել հասկանալ, թե ինչպես է պատահում, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը հանդիսավորությամբ կատարում է Հարավային գազային ճանապարհի հիմնարկեքը՝ հերթական անգամ շրջանցելով Հայաստանը և հենակետ ընտրելով Վրաստանը, որը շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում է ունենալու իր տնտեսության մեջ, իսկ ահա Ռուսաստանի պոչից կպած Հայաստանը դառնում է նույնքան արհամարհված ու անտեսված, որքան հիմա դառնում է Ռուսաստանը: Նույն բրիտանացի գիտնականները չեն կարողացել հուշել հայաստանյան իշխանություններին, որ գետանցի ժամանակ պետք է շրջահայաց լինել, հոգնած ու դադրած ձիերին փոխել, գետանցի նոր ճանապարհ գտնել, որովհետև հոգնած ձիերն արդեն խրվել ենճահճի մեջ՝ մտածելով միայն ու միայն իրենց գոյատևման մասին: Բրիտանացի գիտնականները նաև չեն հաշվարկել, թե իշխանությունների վերարտադրման դեպքում քանի՞մարդ կհեռանա Հայաստանից և քանի՞սը կմնան՝ ի մխիթարություն այն բանի, որ գոնե աշխարհագրական քարտեզին հիշատակվի Հայաստանը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/556836247754171?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել