Հայտարարություն Ազգային ժողովում: 
08.09.2014 թ.

Տարածարջանային ու համաշխարհային զարգացումների ներկայիս միտումները մեկ անգամ ևս երկրորդում են մեր ժողովրդի վերջին շուրջ մեկ հազարամյակի պատմության դառը փլիսոփայությունն առ այն, որ դժբախտաբար, հայ ժողովրդին այլևս վիճակված է ապրելու բարդ կամ ավելի բարդ ժամանակներում:

Շարունակական տուրբուլենցիան, որում հայտնվել է արաբական աշխարհը և իսլամական ծայրահեղականության քաղցկեղը, ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի Դաշնության հայտը, ըստ էության, վերջ դնելու միաբևեռ աշխարհակարգին, Արևմուտք-Ռուսաստան գծագրվող ու ծավալվող գլոբալ դիմակայությունը ոչ այլ ինչ է, նոր Սառը պատերազմի ազդակ: Նման գնահատականը ոչ վատատեսության և ոչ էլ չափազանցության ժանրից է: Ուշադրությամբ ընթերցեք ՆԱՏՕ-ի նյուպորտյան գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության հայտարարությունները, և որ ավելի կարևոր է, ստեղծված իրավիճակում կողմերից յուրաքանչյուրի՝ իրական հետքայլեր կատարելու սահմանափակումները և ամեն ինչ ավելի պարզ կդառնա: Միայն անուղղելի լավատեսներին կարող է թվալ, որ Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայության լիցքաթափմանն ուղղված վերջին քայլերը՝ ուկրաինական թնջուկի խաղաղ կարգավորման ծրագրի մշակման ու ռազմական գործողութությունների դադարեցման վերաբերյալ կարող են ապահովել ավելին, քան թայմաուտն է:

Մեր անձնական վերաբերմունքը դիմակայության այս կամ այն կողմին մի կողմ դրած, ինչը երկրորդական է, այդ ամենում մեզ հետաքրքրում է բացառապես այն համատեքստը, թե դեպքերի նման ընթացքը ինչ նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի շուրջ: Մեր պատմության իմաստաբանությունն ու իրերի ներկայիս դասավորությունը հուշում են, որ այդ դիմակայությունը չի բխում մեր ժողովրդի արմատական շահերից, թեև, հանուն ճշմարտության ընդունենք, որ այստեղ մենք ընդամենը աննշան գործոն ենք: Մեր ժողովրդի պատմության մեջ չի եղել որևէ շրջափուլ կամ նույնիսկ առանձին վերցրած պատմական մի էական դրվագ, երբ, սեփական կամքով կամ դրան հակառակ, հայտնվելով հակամարտող երկու կամ ավելի խոշոր խաղացողների դիմակայության ու շահերի բախման կիզակետում, որպես ժողովուրդ և պետություն շահած լինենք: Այդ կորուստը կամ վնասը էլ ավելի մեծ է եղել, երբ զարմանալի տրամաբանությամբ ինքներս ենք աքսելերացրել դիմակայող կողմերի շահերի բախման կիզակետում հայտնվելու մեր ներքին, եթե կուզեք, սատանայական մղումը:

Ցանկացած քաղաքական ու ռազմաքաղաքական դաշինք ընդամենը ժամանակավոր միջոց է՝ հաշվենկատորեն հետապնդելու քո ազգային շահերը: Առնվազն դա է պահանջում քաղաքական սառը տրամաբանությունը: Այս համատեքստում է, որ կոչ եմ անում խորհրդարանական, փորձագիտական ու լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ վերջ դնել մեր հասարակության, նրա քաղաքական ու մտավորական ընտրանու արհեստական բաժանմանն ու պիտակամավորմանը՝ <ռուսամետների> ու <արևմտամետների>: Հայաստանի Հանրապետությունն այսօր, բարեբախտաբար, ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքակրթական նման օրհասական ընտրության առջև դեռ կանգնած չէ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել