ԱՐԹՆԱՑԻՐ ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔԵԶ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ՈՒՂՂԵԼ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ, ՈՐ ԱՊՐԵՍ, ՈՉ ԹԵ ԱՊՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՈՏՔԻ ՎՐԱ ՄԱՀԱՆԱՍ:
ԿԱՐԴԱՑԵՔ ԲՈԼՈՐԴ, ԹԵ ՎԵՐԵՎԻ ԵՂՈՂՆԵՐԸ ԵՎ ԹԵ ՎԱՐԱԶԳԻՆԵՐԸ ԵՎ ՄՏԱԾԵՔ, ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ: ԱՀԱ ՆՐԱ ՄՏԱԾՈՒՄՆԵՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ. Իտալացի քանդակագործ Մասիմո Լիպպի. «ՀԱՅԵ՛Ր, ՄԻ ՍՊԱՍԵՔ, ՈՐ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԹԱՂՎԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», ՈՒՍՏԻ «Եթե դուք դպրոցները չզինեք գրագետ աշակերտներով, երիտասարդներին չկրթեք, արհեստավորներ չպատրաստեք, որ առևտրականներ չլինեք՝ առնեք և վաճառեք, այլ ստեղծագործեք, որովհետև Հայաստանը, ինչպես և Իտալիան, շատ մեծ ներդրում ունի մարդկության պատմության մեջ՝ իր հավատքով, երաժշտությամբ, արվեստով»: ԴԱՍ ՈՐԻՑ ՀԱՐԿ Է ՍՈՎՈՐԵԼ
ԿԱՐԴԱՑԵՔ ԵՎ ՄՏԱԾԵՔ ԲՈԼՈՐԴ ՈՎ ՓՈՂ ՈՒՆԻ ԵՎ ՈՎ ԱՅՆ ԿՈՐՑՐԵԼ Է
Մարինե Մարտիրոսյան
19:04, 15 հոկտեմբերի, 2013

Հարցազրույց Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, քանդակագործ Մասիմո Լիպպիի հետ

-Սա Ձեր երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ մասնակցում էիք Շուշիում տեղի ունեցած քանդակի միջազգային սիմպոզիումին, իսկ երկրորդ անգամ՝ Գյումրու քանդակի միջազգային սիմպոզիումին: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք երկրորդ անգամ ևս մասնակցել քանդակի միջազգային սիմպոզիումին:

-Երկու անգամ է՝ գալիս եմ Հայաստան, բայց ամեն անգամ նույն զգացումն եմ ունենում, որ առաջին անգամ եմ լինում Հայաստանում: Չնայած լեզուն չգիտեմ, դրամը չգիտեմ, ավանդույթները չգիտեմ, պատմությունը չգիտեմ, բայց հայ ժողովրդի սիրտը զգում եմ, զգում եմ, թե ինչպես են գնում եկեղեցի և ինչպիսին են:

Ես ինչո՞ւ եմ այստեղ, որովհետև ձեր մշակույթով նոր ուղի եք բացում: Եթե ես հասել եմ Հայաստան, եղբայրական ընկերության, հոգևոր մտերմության համար պարտական եմ Վիգեն Ավետիսին, որը մի արվեստագետ է՝ ազգային և նորարարական արվեստով, ով ընտրել է Իտալիան, որպեսզի փորձություններով անցնի:

Սիմպոզիումին մասնակցող արվեստագետները եկել են Հայաստան, որպեսզի իրենց ներդրումն ունենան Հայաստանում: Միշտ հավատացել եմ հայոց աշխարհի հերոսական առաջընթացին և կառուցմանը: Աշխարհը Հայաստանը ճանաչում է որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի երկիր, որը տխուր է, և թվում է, չի կարող դուրս գալ դրանից: Իսկ այսպիսի սիմպոզիումներին մասնակցող արվեստագետներն ուզում են, որ Հայաստանն ապաքինվի, գեղեցկանա:

Ես կուզենայի օգնել ձեզ և՛ իմ աշխատանքով, և՛ իմ երկրով, և՛ իմ հավատքով, և՛ իմ քաղաքացիությամբ, որ այս դժվարին պահը թեթևությամբ հաղթահարեք: Ես շատ լավ ճանաչում եմ «բարձր» քաղաքակրթության վտանգները: Եթե դուք դպրոցները չզինեք գրագետ աշակերտներով, երիտասարդներին չկրթեք, արհեստավորներ չպատրաստեք, որ առևտրականներ չլինեք՝ առնեք և վաճառեք, այլ ստեղծագործեք, որովհետև Հայաստանը, ինչպես և Իտալիան, շատ մեծ ներդրում ունի մարդկության պատմության մեջ՝ իր հավատքով, երաժշտությամբ, արվեստով:

Մեծ Արշիլ Գորկին անձայն հերոս է, որը հեռացավ կյանքից անձայն: Ես չեմ ուզում, որ մյուս արվեստագետներն էլ այդպես հեռանային անձայն և անհայրենիք, և Հայաստանի քաղաքականությունն անձայն մնար: Ամեն անգամ տեսնելով Արշիլ Գորկու նկարները՝ իր դրաման ինքս եմ զգում: Կուզեի վերլուծել հայ ժողովրդի ժամանակակից ամենամեծ արվեստագետներից մեկին, բայց ոչ թե քննադատեի՝ որպես արվեստի քննադատ, այլ նրա արվեստը մեկնաբանեի:

Ցավոք, ազգի լավագույն որդիները նրանք են, ովքեր տարագիր են, ովքեր կարոտով ապրում են հայրենիքից հեռու: Դուք պետք է շատ զգույշ լինեք, որ այսօրվա ձեր արվեստագետներին, որոնք ազգի դեմքն են, չկորցնեք: Շատ ուշադիր եղեք ստեղծագործ հայերի հանդեպ, ովքեր դեռ Հայաստանում են: Ես շատ զգայուն եմ, և ինչպես զգում եմ ձեր հարստությունները, արժեքները, նաև զգում եմ այն վտանգները, որոնք սպառնում են ձեր ապագային:

-Նկատի ունեք արժեքների՞ կորուստը:

-Խոսքս հոգևոր արժեքների կորստի մասին է: Ձեր ուժը նաև տեղաշարժի մեջ է: Դուք ոչ միայն տեղում, այլև ամբողջ աշխարհում եք արժեքներ ստեղծում մարդկության համար: Պետք է հավաքեք ձեր բոլոր ուժերը՝ թե՛ դրսի, թե՛ ներսի, և ստեղծագործեք: Ես և Վիգեն Ավետիսը հաջորդ տարի՝ 2014թ., որոշել ենք քանդակի շատ մեծ սիմպոզիում կազմակերպել Երևանում 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին, և դրա համար պետք է հրավիրենք 100 քանդակագործներ:

-Այսօր աշխարհում փոփոխություններն ակնհայտ են, բայց տպավորություն է, որ դրանից մարդու ներաշխարհը չի փոխվում: Ո՞րն է այսօր մարդու ողբերգությունը:

-Հենց ցավը դա է, որ մարդիկ չեն հավատում Հիսուսին: Մարդիկ դարձել են անհավատ: Մարդու հպարտությունն այնքան մեծ է... Մի ժողովրդական առած պատմեմ, որը տարածված է իմ ժողովրդի մեջ: Մի մարդ նստում է ձի և շատ ուժեղ ճիպոտում է այդ կենդանուն՝ հրամայելով, որ գնա: Բայց մարդը չի հասկանում, որ որքան էլ մտրակես կենդանուն, նա չի շարժվի, եթե որոշել է չշարժվել: Դրա համար ասում են՝ այս երրորդ հազարամյակը լինելու է հոգևոր վերածննդի հազարամյակ, որովհետև մենք փորձեցինք նյութական աշխարհում բոլոր ձևերն ապրելու, բայց ոչ մեկը չարդարացրեց: Դրա համար մի հայտարարություն եմ ուզում անել բոլոր հայերի համար, ովքեր ապրում են դրսում. հավատքով վերադարձեք հայրենիք, ազգային ծրագրեր մշակեք, օրինակ՝ 10 մետր հետիոտնի անցում կառուցեք, փոքրիկ եկեղեցի վերականգնեք, երեխաների համար անվճար հիվանդանոց կառուցեք:

Հայե՛ր, մի սպասեք, որ մահից հետո թաղվեք Հայաստանում: Հիմա, քանի դեռ կաք, վաստակել եք ձեր հարստությունը, հարգանքը, վերադարձեք Հայաստան և ձեր արյամբ ներկա գտնվեք հայրենիքում: Դուք պատմական հաղթանակներ ունեք: Ձեզ մնացել է վերջին ճակատամարտը, որ հաղթեք: Դա ճակատամարտն է սուտ խաղաղության դեմ, որի անունն է բարեկեցություն: Ես վստահ եմ, որ հավատքը և մշակույթը կլինեն ձեր դրոշակն աշխարհում, եթե մի հայ այդ դրոշակը, այդ ճրագը վայր դնի, որը հավերժության սիմվոլն է, կկորցնի իր հույսը, հետևաբար, մյուս ազգերը ևս կկորցնեն իրենց հույսը:

Մի՛ խաբվեք ժամանակակից պրոգրեսով, մի՛ ընկեք դրա գիրկն առանց պահպանելու ձեր մարդկային որակները, բնության և պատմության հավասարակշռությունը, մտքի և գործի: Ուզում եմ մի տխուր պատմություն պատմել, մի թաղման պատմություն, որին ներկա գտնվեցի իմ սրտի ամբողջ արտասուքով, որովհետև մահացել էր մի կին, որը շատ նման էր իմ մորը, բայց ես վստահ եմ, որ մի թագուհի էր մահացել: Երգը, խունկը, ծաղիկները, եկեղեցական արարողակարգը, եղբայրների և քույրերի գրկախառնությունը, նույնիսկ երաժիշտները... Դա մի արվեստի գործ էր բաց երկնքի տակ, մինչդեռ այդ կնոջ դին հանձնվում էր հողին: Հնչում էր անտիկ երաժշտությունը, և ես տեսա Հիսուս Քրիստոսի արցունքները Ղազարոսի համար: Հավատացեք, որ Հիսուսը ներկա է Հայաստանում: Այդ կնոջ հոգին, իսկապես, սավառնեց երկնքում: Միգուցե իմ ժողովրդի դեմ պիտի չասեմ սա, բայց ասելու եմ: Արդեն երկար ժամանակ է, որ չեմ ունեցել նման զգացում, թե ինչպես են հոգիները թողնում երկիրը և սավառնում երկինք: Ամեն ինչ նյութականացված է, ամեն ինչ կապվում է ֆինանսների հետ և ձգտում դեպի իշխանություն: Այդ մոր հոգին նաև Հայաստանի հոգին էր, որ սկսած օրորոցից մինչև դագաղ իր մեջ պահպանել է հարգանքն Աստծո նկատմամբ: Սա է Հայաստանը, եթե այսպիսին չլինի Հայաստանը, այն կլինի այն հազարավոր երկրներից մեկը, որոնք ուղղակի դատարկում են բանկերը:

-Նախորդ անգամ մեր զրույցում նշել էիք, որ հաջորդ անգամ Արցախ կգնաք Ձեր ընտանիքի հետ: Դեռ կա՞ այդ ցանկությունը:

-Ոչ միայն չեմ մոռացել, այլև ամաչում եմ, որ դեռևս չեմ բերել իմ ընտանիքին: Ես կուզեի գալ իմ ընտանիքով և դուք տեսնեիք, թե ինչպես է ապրում իտալական ընտանիքը:

Օգտվելով առիթից՝ կուզեի այսպիսի մի առաջարկ անել, որ եկել է ժամանակը, որ ես և իմ բարեկամները դպրոց ստեղծենք՝ մտքի և արվեստի դպրոց: Հայկական և իտալական արվեստի ավանդույթները վերականգնենք, և կարծում եմ՝ ամեն ինչ չէ, որ կորած է: Եթե այդքան համարձակություն ունենք, որ ստեղծենք նոր արհեստներ, աշխատանքի նոր տեղեր, որտեղ որևէ մեկը չի ամաչի, որ մի քիչ աղքատ է, քան դիմացինը: Պետք է հպարտ լինենք, որ մեր զոհաբերությունը հաստատ կգնահատվի: Ես կուզեի մի գործ անել, օրինակ, թատրոնի կամ ինչ-որ ինստիտուտի պատի վրա քանդակ կամ նկարչություն անել, որ ամբողջ աշխարհի մայրերին, քույրերին և եղբայրներին բերեինք Հայաստան և ցույց տայինք հայկական եկեղեցիները: Դրանով ստեղծեինք հոգևոր զբոսաշրջություն:

Ես ոչ թե ստերիլիզացված երկրպագություն եմ քարոզում, այլ այն, որ միս ու արյուն տանք այն ցանկություններին, որոնք նշեցի: Այն հոգևոր երգերը, որոնք լսում ենք Հայաստանում, միս ու արյուն տանք դրանց: Երբ ձուկն էի քանդակում, գնացինք արհեստանոց, որը կիսաքանդ էր: Այդտեղ, ձկան քանդակից բացի, քանդակեցի հինգ խաչեր, որոնցից հատկապես մեկն ինձ դուր եկավ: Նայելով հայկական խաչին՝ բացահայտում արեցի ինձ համար, որ հայկական խաչն ունի իր շարունակությունը, դա խաչի արմատներն են, որոնք դուրս են եկել հողից, բայց հրաշքով խաչը չի չորանում, այսինքն՝ ծառ, որն իր արմատներից դուրս է եկել, արևի տակ է, բայց չի չորանում: Դա կենաց ծառն է, որն Աստված տնկեց դրախտում:

-Դուք մնում էիք խոնավ կացարանում: Այդ օրը, երբ ես եկա հարցազրույցի, Դուք հուզված էիք:

-Նվիրած ձիու ատամները չեն հաշվում: Դուք ինձ հյուր եք հրավիրել ձեր երկիր, ձեր տուն, և ես պետք է հարմարվեի: Ես այնքան քաղաքավարություն ունեմ, որ եթե հյուր եմ, ընդունում եմ այն, ինչ ինձ հյուրասիրում են: Իսկ հյուրասիրությունն այնպիսին էր, ինչպիսին էր:

Ես բավականին հայտնի քանդակագործ եմ աշխարհում, ունեմ իմ ճանաչումը Եվրոպայում, ԱՄՆ-ում, Նյու-Յորքում, և օրինաչափ կլիներ, եթե պահանջեի ավելի մեծ ուշադրություն դեպի ինձ և իմ արվեստը, բայց ես այդպիսի մարդ չեմ: Ես եկել եմ ոչ թե քանդակ անելու, այլ կուզեի իմ խոսքը, իմ պահելաձևը, իմ փիլիսոփայությունը, որպես պոետ, փիլիսոփա, հրապարակախոս, մշակույթս մատուցեի այն մարդկանց, ովքեր շրջապատում էին ինձ: Ես իմ պահվածքով տարբեր մարդկանց նկատմամբ ուզում էի, որ դա լիներ օրինակ բոլոր մարդկանց համար նման իրավիճակում:

Այն բոլոր փորձությունները, որոնք դրվեցին իմ առջև, հաղթահարեցի: Արևի տակ, անձրևի տակ, տեղ չկար կանգնելու, աշխատելու, քարերը ոտքերի տակ թափված, բայց հաղթահարեցի: Շատ դժվար էր աշխատելը, քանի որ պայմաններ չկային, բայց մենք հաղթահարեցինք: Երբ Վիգենի ընկերն ինձ հրավիրեց սիմպոզիումին, ես հասկացա, որ նա ցանկանում էր ավելի լավ կազմակերպել, քան Վիգենը, բայց դրանք պետք չէ համեմատել, քանի որ Շուշիում ես կարողացա ավելի լավ աշխատել, իսկ Գյումրիում արեցի այն, ինչ կարողացա: Շուշիում միտք կար, որի շուրջ համախմբված էինք: Իսկ Գյումրիում պետք է ստեղծեինք մի միտք կամ ազդակ, որ կարողանայինք աշխատել: Տարբերությունը մեծ էր այդ երկու սիմպոզիումների: Արվեստի մագիան հետևյալն էր. երբեմն հաղթահարելով դժվարությունները՝ ավելի լավ ես աշխատում, բայց սա չի նշանակում, որ գնաս փնտրես բարդություններ:

Եթե Գյումրին ցանկանում է շարունակել սիմպոզիումները, պետք է հաշվի առնի բոլոր այն թերությունները, որոնք կային, որպեսզի արվեստագետներն ավելի ազատ զգան, շփումն ավելի լավ լինի: Երիտասարդ ինտելեկտուալների հետ կապը պետք է ավելի շատ լինի:

-Երբ Ձեզ հատկացրել էին խոնավ կացարան, ինչո՞ւ չբարձրաձայնեցիք այդ մասին:

-Հայկական և իտալական մշակույթները տարբեր են: Դուք սովետական ճնշված հասարակարգից եք դուրս գալիս, որին դուք հաղթեցիք հոգևոր և ոգեղեն արժեքների շնորհիվ, որով հպարտ եք: Մենք էլ ենք ունեցել դիկտատուրաներ, ծանր ժամանակներ, բայց ամենավատ դիկտատուրան սուտն է, երբ երիտասարդներից կտրում-հանում ես հույսը: Հռոմի պապը հենց դրանով է մտահոգված, որ մարդկանց միջից հանում են հույսը: Այդ ամենը հասկանալով՝ ըմբռնումով եմ մոտենում և իմ համբերությամբ հաղթում եմ: Ես չեմ եկել, որ աշխարհը փոխեմ, եկել եմ Վիգենի հրավերով, որ պատիվ բերեմ իմ ներկայությամբ: Ես տեսա, որ մյուս մասնակիցները, ովքեր բարդություններ ունեին, համակերպվեցին իրավիճակին, և հույս ունեի, որ շատերը կմիանային և բողոքի ձայն կբարձրացնեին: Եթե ես խնդիրներն ավելացնեմ, նշանակում է՝ կավելացնեի իմ ընկեր արվեստագետների տանջանքները:

Ընդգծեմ 2 հանգամանք. մի կողմից՝ պետք է շարունակել կազմակերպել սիմպոզիումը, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ արվեստագետներն անսահման համբերություն չունեն, և պետք է կարողանալ ճիշտ կազմակերպել: Երբ Դուք տեսաք իմ քանդակը և իմանալով, թե ինչ դժվարությունների միջով անցա, որոնց մեջ մեզ դրեցին, նկատեցի՞ք այդ դժվարությունների հետքերը իմ քանդակի վրա:

-Ոչ:

-(Ժպտում է- հեղ.) Ուզում եմ կրկնել՝ մի չարաշահեք իմ սրտի մեջ եղած բարությունը, սերը: Մյուս ստեղծագործողները միգուցե չկարողանային դիմակայել: Ես ուզում եմ շարունակել հյուրընկալվել Հայաստանում, ուսումնասիրել ձեր պատմությունը, հրաշալի անցյալը, հետազոտել քաղաքակրթությունների հետքերը ձեր հրաշալի երկրում, բայց ես ինքս կուզեի մի հետք թողնել ձեր երկրում: Մենք պետք է շարունակենք ուսումնասիրել ձեր խաչերը, եկեղեցիները, գերեզմանատները, որտեղ թաքնված են գալիք արվեստի գաղտնիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել