Իսլամական պետություն հիմնած խմբավորումների վերջը կարծում եմ կգա ու շատ շուտ։ Այն աստիճան վայրագություններ, որ սրանք իրենց թույլ տվեցին Իրաքում, դժվար չեզոքացվի հետագայում։ Ու սրանց դեմ ռազմական օպերացիան հիանալի հիմք կարող է ստեղծել Քրդստան պետության ստեղծման համար, որին բաժին կնկնեն Իրաքի հյուսիսում գտնվող նավթային պաշարները ու որը կարող է դառնալ ԱՄՆ-ի համար հարմար հարթակ տարածաշրջանում՝ Իրանի հարևանությամբ, Ռուսաստանի հարևանությամբ, Իսրայելի հարևանությամբ ռազմական ներկայությունը պահպանելու, դրանով իսկ նաև Թուրքիայից կախվածությունը թուլացնելու համար։

Ու նույնիսկ Սաուդյան Արաբիայի գլխավոր հոգևորական առաջնորդը այսօր ԻՍԻՍ-ը կոչել է իսլամի համար մեկ թշնամի՝ հավանաբար գիտակցելով, որ դրանց կողքին կանգնելը այսօր ինքնին հավասարազոր է աշխարհի աչքերում թիրախ համար մեկը դառնալուն։ Սաուդյան Արաբիայի... Սուննի Սաուդյան Արաբիայի... Այն Սաուդյան Արաբիայի, որը միլիարդներ է ներդրել այդ սուննի իսլամիստներին աշխարհով մեկ հավաքագրելու, Սիրիա տեղափոխելու, պատրաստելու, սնելու, Ասսադի դեմ ուղղելու վրա։

Չեմ տեսնում լուրջ պատճառ, որը կստիպի ՆԱՏՕ ուժերին չմիջամտելու Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին։

Հ.Գ. Արևմտյան արդար ազատ անկախ լրատվականներից ոչ մեկում չհանդիպեցի լուրջ բարձրացրած հարցերի.

1. Որտեղի՞ց ԻՍԻՍ կոչվածին այդքան զենք, փող ու աջակցություն։

2. Ու՞ր են կորել ԱՄՆ կոնգրեսի, Ֆրանսիայի խորհրդարանի ու Մեծ Բրիտանիայի կողմից հատկացված միլիոնները, որոնք պետք է որ օգնեին Սիրիայում պատերազմող հավասարակշռված ընդդիմությանը (moderate opposition) հաղթել «Ասսադի ռեժիմը»։

3. Ինչպես է ստացվել, որ Սիրիայում Ասսադի ու ընդդիմության հակամարտությունը լուսաբանող լրագրողները, ում այնտեղ էլ առևանգել էին, հայտնվել են Իրաքում իսլամիստների ձեռքերում։ Այդ ովքեր էին իրենց առևանգել՞։ Չարիքի Աստված Ասսադը, թե հավասարակշռված ընդդիմությունը։

Իսկ մինչ այդ համոզված եմ, որ նույն արևմտյան մեդիաներում այս ամենը միևնույն է երկրորդական է. մի վայրիներ սպանում են մյուսներին, հետո հակառակը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել