Սա, իրոք, շատ լավ հնարավորություն է մեր արտադրանքի ավելի մեծ ծավալ ռուսական շուկա արտահանելու համար: Օգոստոսի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով մեկ տարի ժամկետով արգելում է ՌԴ տարածք ներմուծել գյուղատնտեսական արտադրանք, հումք և մթերք, որոնք արտադրված են ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, Կանադայում, Ավստրալիայում և Նորվեգիայի թագավորությունում:
Անկախ նրանից, թե ազգի որ մասն է ռուսամետ, որը` եվրոպամետ, սա հրաշալի հնարավորություն է տալիս մեր տնտեսությանը խթանելու ՀՀ կարևոր խնդրիներից մեկը` արտահանումը, այդ ոլորտում հաջողություններ գրանցել:
Այսպիսով, ո՞ր ապրանքների վրա է ՌԴ ղեկավարը արգելք դրել. խոշոր եղջերավոր անասունի միս (թարմ, սառեցված), խոզի միս (թարմ, սառեցված), թռչնի միս (թարմ, սառեցված), ձկնամթերք, կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր, մսամթերք, պանիր, կաթնաշոռ:
Այս մեծ ցանկը հրաշալի հնարավորություն է տալիս Հայաստանին կենտրոնանալ գյուղատնտեսության ոլորտի վրա.
1.Համարել այդ ոլորտը ԳԵՐԱԿԱ,
2. Լուրջ ներդրումներ անել ուղղված նշված ապրանքներն արտադրելուն,
3. ՇՏԱՊ թեթևացնել հարկային բեռը վերոնշված խմբի արտարողների համար,
4. Պարզեցնել արտահանման գործընթացը:
Այս ապրանքատեսակների գերակշիռ մեծամասնությունը բարձր որակով, մատչելի գներով արտադրվում է Հայաստանում:
Հարգելի կառավարություն, ձեռքներիցդ բաց մի թողեք այս լավ հնարավորությունը մեծ շուկա գրավելու համար:
Ի դեպ, ոնց տեսնում եմ, այս իրադարձությանն առաջինն արձագանքեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը թվիթերյան գրառումով. «Ռուսական սանկցիաները փայլուն հնարավորություն են մեր արտադրողների համար: Կառավարությունը չպետք է հապաղի»:
Սա նաև թույլ կտա գյուղացուն իր հողը մշակել, ոչ թե գնալ Ռուսաստաններում ասֆալտ փռել կամ բանվորություն անել: