Օգոստոսի 4-ին Ռուսաստանում ոժի մեջ մտավ օրենք, որի համաձայն Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն նաև այլ պետության քաղաքացիություն, պարտավոր են այդ մասին ծանուցել Դաշնային միգրացիոն ծառայությանը: Այդ պահանջի չկատարման դեպքում անձը ենթակա կլինի քրեական պատասխանատվության: Որպես պատժամիջոց նախատեսվում է կիրառել 200000 ռուբլու չափով տուգանքը կամ 400 ժամ տևողությամբ հանրային աշխատանքները: Թեև օրենքում որևէ բան ասված չէ ստացված տեղեկատվության կիրառման ձևերի, ուղղությունների և նպատակների վերաբերյալ, սակայն նախագծի հեղինակ, Պետդումայի պատգամավոր և հատուկ ծառայությունների վետերան Անդրեյ Լուգովոյը գտնում է, որ ժամանակակից աշխարհում միջավայրը բավականին ագրեսիվ է, և պետությունը պարտավոր է տեղյակ լինել, թե ով է իրապես կախված այլ պետություններից և «պետությունն ու հատուկ ծառայությունները կարողանան օպերատիվ արձագանքել երկրում իրավիճակի փոփոխությանը»: Սակայն օրենքում կան բացեր՝ սահմանված չէ, թե ինչ պիտի անեն նրանք, ովքեր արդեն իսկ ունեն երկրորդ քաղաքացիություն, կամ ինչ պիտի անել այն երեխաների պարագայում, ում ծնողները տարբեր երկրների քաղաքացիներ են: Աներկբա է, որ օրենքի կարգավորման օբյեկտ են հանդիսանալու նաև մեր հազարավոր հայրենակիցներ, ովքեր այս կամ այն հանգամանքների բերումով հաստատվել են Ռուսաստանում կամ այնտեղ աշխատանքի իրավունք ստանալու նպատակով ցանկանում են ձեռք բերել նաև Ռուսաստանի քաղաքացիություն: Եվ չի բացառվում, որ նրանք կանգնեն խնդիրների առջև, քանզի երկքաղաքացիության ճանաչման վերաբերյալ Ռուսաստանը Հայաստանի հետ համապատասխան միջազգային պայմանագիր չի ստորագրել: Ըստ էության տեղի է ունենում այն, ինչը վաղ թե ուշ պիտի տեղի ունենար: Ցանկացած պետություն շահագրգիռ է իր անվտանգության ապահովման հարցում և պարտավոր է գիտենալ, թե իր քաղաքացիների շրջանում ով ով է և պատրաստ լինի բոլոր հնարավոր զարգացումներին: Երկու տիրոջ ծառայել չի կարելի: Սա պետք է նկատի ունենա նաև Հայաստանը: Ու եթե կա որևէ կասկած անվտանգության հարցում, որոշումը պիտի կայացվի հօգուտ անվտանգության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1455230984742841&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել