Երբ Ռուսաստանը որոշի, որ դադարեցնում է Եվրոպա գազ մատակարարել, ապա Ռոսաստանին շրջանցելու և կասպյան գազը Եվրոպա հասցնելու միակ ճանապարհը մնում է Ադրբեջանը:
Վստահ եմ, որ երբ Ռուսաստանը փակի իր գազամուղը, ապա Թուրքմենստանի ու Ղազախստանի նախագահներն էլ մեծ հաճույքով կհամաձայնվեն իրենց գազը Ադրբեջանի տարածքով արտահանել Եվրոպա:
Նույնիսկ ավելին կարելի է ենթադրել, որ այդ համաձայնությունը արդեն կա: Դրա համար հիմք է հանդիսանում ի պաշտպանություն Ալիևի հնչեցրած Նազարբաևի ելույթը և դրան հաջորդող թուրքալեզու երկրների հավաքը Անկարայում:
Եվրոպայի աչքը երկու ոտքով մտնելու այս հնարվորությունը Էրդողանը բաց չի թողնի: Սա կարող է նաև պանթուրքիզմի ծրագրի իրականացման սկիզբը դառնալ` միավորելով թուրքալեզու պետությունները հանուն գաղափարի և փողի:
Վստահ եմ, որ Ռուսաստանում էլ են սա շատ լավ հասկանում: Առաջին հերթին Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ իրենց շրջանցող ածխաջրածնային խողովակներ լինեն, իսկ երկրորդն էլ, որ նման միության սկիզբ դրվի իր քթի տակ:
Որպեսզի այս ամենը տեղի չունենա` Ռուսաստանը պետք է խանգարի խողովակների արդյունավետ և անխափան շահագործմանը:
Դրա համար ամենաարդյունավետ տարբերակը` Արցախյան պատերազմի քողի տակ պայթեցնել գազամուղը: Իսկ դրա համար էլ պետք է, որ պատերազմը սկսի: Իսկ պատերազմը սկսելու համար էլ Ալիևին պետք է դուխ և զենք տալ, որն էլ Ռուսաստանը անում է:
Ադրբեջանական գազամուղի միակ սպառնալիքի` Հայաստանի, մասին շատ լավ գիտեն նաև թուրքալեզու երկրներում: Նրանք էլ իրենց հերթին օր առաջ կուզենան վերացնել այդ սպառնալիքը:
ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ են հասկանում, որ Ադրբեջանական ածխաջրածնային խողովակներին չպետք է ոչինչ սպառնի: Դրա համար նրանք կամ պետք է թույլ չտան, որ պատերազմ սկսի, կամ էլ պետք է նպաստեն, որ պատերազմը շուտ և հոգուտ Ադրբեջանի ավարտվի: Իսկ դա էլ չի բխում Ռուսաստանի շահերից:
Եթե Ռուսաստանը ընդհանուր լեզու չգտնի Արևմուտքի հետ, ապա Արցախյան պատերազմի վերսկսելուց խուսափել չի ստացվի:
Այս պարագայում մենք ոչ թե երկու քարի արանքն ենք, այլ մի ամբողջ ժայռ է փլվելու մեր գլխին:
Կարծում եմ, որ այս ամենը շատ լավ հասկանում են նաև Բ26-ում: Սակայն նրանք փոխարեն զենք կուտակեն, կարծես թե փո՞ղ են արտասահմանյան բանկերում կուտակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել