Ադրբեջանում խուճապ է, Հայաստանում` մոբիլիզացիաArmnewsTV.am-ը գրում է.

Նախորդ գիշեր և առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Պաշտպանության նախարարության տվյալներով` նրանք կիրառել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Գիշերվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ եւ ադրբեջանական բանակը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հայկական կողմը պատասխանել է 11 անգամ` 211 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան:

Նույնը չի կարելի ասել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մասին: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցիալական ցանցում գրել է, որ Ղարաբաղի հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում այս գիշեր դիպուկահարի կրակոցից զինվոր է զոհվել: Արցախի Պաշտպանական Բանակից ստացված տեղեկության համաձայն, զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը: Ղարաբաղաադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտվել է 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Ադրբեջանական ագրեսիան կանխելու համար Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանն առաջարկում է խոսել ուժի լեզվով: Ըստ նրա` ի տարբերություն Հայաստանի` ադրբեջանական բանակում և հասարակության մեջ խուճապ է: Այնտեղ ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչները Գրիգորի Այվազյանին պատմել են, որ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանի կողքին չեն լինելու և առիթն օգտագործելու են իրենց խնդիրները լուծելու համար:

Խուճապ չառաջացնելու համար շատ կարեւոր է լրատվամիջոցների գրագետ աշխատանքը: Թերթերի խմբագիրները գնահատում են ԶԼՄ-ների աշխատանքը: Բայց նրանց աշխատանքը կախված է Հայաստանի եւ Արցախի Պաշտպանության նախարարությունների բաց աշխատանքից: «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանն առաջարկում է բերնեբերան փոխանցված ինֆորմացիան չհրապարակել: Բացի այդ` առանց անուն չճշտելու ոչինչ չհրապարակել: 

Վերջին օրերի սահմանային միջադեպերի լուսաբանումը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ընդհանուր առմամբ դրական է որակել: Հոգեբան Սամվել Խուդոյանի պնդմամբ, Հայաստանի հասարակությունը վերջին դեպքերից հետո մոբիլիզացվել է: Տագնապ կա, բայց հակառակ կողմում վախ է: 

Սահմանային լարվածությունից հետո Սեյրան Օհանյանն ու Հովիկ Աբրահամյանը վերջին օրերին պարբերաբար այցելում են սահմանամերձ համայնքներ ու հենակետեր: Վարչապետն ու նախարարը ականատեսի աչքով են տեսել, որ շփման գծում հայ զինվորը վերահսկում է իրավիճակը: Բայց զինվորի թիկունքը սահմանամերձ համայնքներն են, որոնց խնդիրները լուծելու համար կառավարությունը հարկային արտոնություններ կտա սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվողներին: 

Հովիկ Աբրահամյանը Արծվաբերդի բնակիչներին խոստացել է մանկապարտեզ կառուցել: Տեղում մարզպետին հանձնարարել է նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմել ու ներկայացնել կառավարություն, իսկ Չինարիի գյուղապետը կառավարությանը պետք է ներկայացնի համայնքի ուսանողների ցանկը` նրանց ուսման վարձի փոխհատուցումը ստանալու նպատակով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել