Դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ. կարգավիճակ է, որը մեծ պատիվ ու հեղինակություն է հասարակության մեջ, որից օրինակ են վերցնում, որի հետ ինչ-որ տեղ նույնացնում են իրենց, որը մշակույթ է քարոզում իր գործունեությամբ: Սակայն մեզանում բացառություններն անպակաս են, ինչ խոսք:
Սեպուհ Ապիկյան անունով դերասանը, որն առավել հայտնի է «Ճպլի» դերակատար, հայտարարել է, որ հրաժարվում է իր հայրենիքից ինչ-որ 200.000 դրամ տուգանքի համար, այն էլ այն դեպքում, որ մեղքն իրենն է: Ի դեպ, իր հայրենասիրությունը, որը ունի 39 տարվա հնություն, փաստորեն արժե այդքան: Ինչպես ասում են, ամեն բան գին ունի, բացի սրբություններից ու բարձրագույն արժեքներից, որն է` ՀԱՅՐԵՆԻՔԸ:
Հարգելի պարոն դերասան, բազմաթիվ դեպքեր կան թե մեզանում, թե աշխարհի տարբեր ծայրերում, որ նույն ձեր կոլեգա դերասանները խախտում են կատարում, պատասխանատվության են ենթարկվում, սակայն երբեք չեն հրաժարվում ամենաթանկ ու ամենասուրբ բանից` ՀԱՅՐԵՆԻՔԻՑ: Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ: Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերի՝ հայտնի է «Տաքսի» բազմասերիանոց ֆիլմից: Դատապարտվել է ու տուգանվել է բազմաթիվ անգամ, որի մեծ մասը արագության գերազանցման, հարբած մեքենա վարելու, ՃՏ կանոնների խախտման ու ընկերուհուն ծեծելու համար: Սակայն չի հրաժարվել իր երկրից, իր ՀԱՅՐԵՆԻՔԻՑ:
Մեկ այլ օրինակ ռուս հայտնի երգիչ Վիտասը` բոլորովին վերջերս հայտնվել էր նմանատիպ, սակայն շատ ավելի լուրջ միջադեպի կիզակետում: Ոչ սթափ վիճակում վարելով իր մեքենան՝ հարվածել էր հեծանվորդին, ով, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չէր ստացել, ավելին` դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները հանդիպել էին հարբած Վիտասի և նրա կնոջ բուռն դիմադրությանը, վիրավորանքների և սպառնալիքների տարափին: Սակայն այս ամենից հետո Վիտասը ոչ թե հրաժարվել է իր ՀԱՅՐԵՆԻՔԻՑ, այլ հրապարակավ, ուղիղ եթերում ներողություն էր խնդրել իր և իր կնոջ արարքի համար՝ պատրաստակամություն հայտնելով կրել օրենքով նախատեսված բոլոր պատիժները: Նմանատիպ դեպքեր կարող եմ շատ թվարկել, սակայն այսքանով բավարարվենք:
Միգուցե դերասանի անկեղծությունը նաև օգտակար է, քանզի նման հայերնասիրությունը բացահայտ թշնամությունից վտանգավոր է: Նաև օգտակար է նրանով, որ աստիճանաբար բացահայտվում են իրական հայրենասերներն ու հայերնասիրությունը էժանով ծախողները, դրանով նաև անվտանգության հարց է լուծվում, ինչ-որ տեղ, քանի որ կիմանանք՝ ում վրա հույս դնենք օրհասական պահերին: