Տեր-Պետրոսյանը գնում է ինքնազոհության, չի առաջադրվում հանուն հզոր թեկնածուի..... Օրվա հարցը! Ո՞վ է ընդդիմության այն «հզոր» «միասնական թեկնածուն», որը կփոխարինի Լևոն Տեր-Պետրոսյանին....
Հ.Գ. Հարցս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունների հիմման վրա է և հռետորական չէ ;) չասեք Նանան սադրեց :P
***
ՀԶՈՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊՈՉԻՑ ԿԲՌՆԵՆ
«Ոչ թե մեզ պետք է միասնական թեկնածու, այլ մեզ պետք է հզոր թեկնածու: Թեկնածուի հզորությունը դա արդեն ֆակտոր է, որը թույլ է տալիս մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին, որը թույլ է տալիս համախմբել քաղաքական ուժերին: Հզոր թեկնածուն ավտոմատ դառնում է միասնական թեկնածու: Եվ այստեղ կարեւոր էլ չէ, որ ստանա բոլորի աջակցությունը»,- երեկ անդրադառնալով նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի կողմից միասնական թեկնածուի հնարավոր առաջադրման հարցին, հայտարարեց ՀԱԿ համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե` «Գագիկ Ծառուկյանին ձեր ասած «հզոր» թեկնածուն համարո՞ւմ եք», Զուրաբյանը պատասխանել է. «Նպատակահարմար չեմ համարում որեւէ կերպ պատասխանել այդ հարցին»:
Իսկ թե ի՞նչ է մտածում ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը, մտադի՞ր չէ իր թեկնածությունն առաջադրել 2013-ի ընտրություններում։ Ի պատասխան այս հարցի, Զուրաբյանը նշել է. «Տեր-Պետրոսյանն այն գործիչն է, որը իր առաջադրման մասին որոշումը կընդունի միայն քաղաքական իրավիճակի եւ ռեսուրսների, նաեւ` հակառակորդների ռեսուրսների մանրակրկիտ վերլուծությունից հետո»:
Զուրաբյանի այս հայտարարությունները երեկ տագնապի զգացում առաջացրին ՀԱԿ-ի ներսում. այս ու այն կողմից գլուխները քորելով՝ սկսեցին «վերծանել» ՀԱԿ համակարգողի հայտարարությունները:
Մի տեսակ ականջներին չէին հավատում, եւ սկսեցին իրենց ներշնչել ու հայտարարել, որ Զուրաբյանը «հզոր թեկնածու» ասելով նկատի ունի ոչ թե ԲՀԿ առաջնորդին, այլ Տեր-Պետրոսյանին:
Սակայն, ինչպես ասում են, արդեն ուշ էր, քանի որ «կողքից» սկսել էին մեկնաբանել, որ ՀԱԿ-ը մտադիր է պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, եթե, իհարկե, վերջինս առաջադրվի:
Այս ենթադրությունները դժվար է անհիմն համարել, քանզի Զուրաբյանը Գագիկ Ծառուկյանի մասով ոչ թե բացասական պատասխան է տալիս, այլ «նպատակահարմար չի համարում որեւէ կերպ պատասխանել այդ հարցին»:
Սա առաջին դեպքն է, երբ Զուրաբյանը խուսափում է հստակ պատասխանից: Այն էլ այնպիսի հարցի, որը վերաբերում է նախագահի թեկնածությանը: Մինչ օրս ՀԱԿ-ից մի բան ենք լսել, որ «խարիզմատիկ» Տեր-Պետրոսյանից բացի, իրենք այլ արժանի թեկնածու չունեն, եւ իհարկե, բացի ՀԱԿ առաջնորդից, այլ թեկնածության քննարկում չի կարող լինել:
Իսկ հիմա «հանկարծ» Զուրաբյանը, որը թեեւ նպատակահարմար չի համարում պատասխանել, սակայն հաճույքով լսում է «հզոր թեկնածուի» անունը, որը ոչ թե Տեր-Պետրոսյանն է, այլ Գագիկ Ծառուկյանը:
ՀԱԿ-ը մեկ ամիս առաջ միասնական թեկնածուի իր «չափորոշիչն» էր սահմանել։ Այդ մասին նույն Զուրաբյանը հրապարակավ հայտարարեց, նշելով, որ այն պետք է լինի «բարձր հեղինակություն վայելող անձնավորություն, որն իր կոնսոլիդացնող հնարավորություններով կկարողանա իր շուրջը համախմբել թե քաղաքական ուժերին եւ թե հանրությանը»:
Այժմ, ինչպես տեսնում ենք, ՀԱԿ-ը նոր «չափորոշիչ» է սահմանել. հզոր թեկնածու, գործոն, «որը թույլ է տալիս մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին»:
Դե, իսկ Տեր-Պետրոսյանը դեռ պետք է մանրակրկիտ վերլուծություն անի, նոր միայն որոշում կայացնի: Ընդ որում՝ Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի որոշման ընդունման մասին խոսում է իմիջիայլոց: Ինչից կարելի է ենթադրել, որ այդ որոշումը այդպես էլ չի լինի: Այսինքն՝ կլինի որոշում թեկնածություն չառաջադրելու մասին, քանզի ակնհայտ է, որ ռեսուրսները չեն ներում:
Այ, ուրիշ բան «հզոր թեկնածուն», որը թե ռեսուրսներ ունի եւ թե համակրելի է ՀԱԿ-ի համար: Իզո՞ւր էր Տեր-Պետրոսյանը հեռվից սկսում. նախ «քաղաքագիտական վերլուծություն», հետո խորհրդարանական համագործակցություն (ճիշտ է, առայժմ ոչ այնքան հաջող), վերջում էլ` «հզոր թեկնածուի» պաշտպանություն:
Ի դեպ, նկատի առնելով ԲՀԿ-«Ժառանգություն» չմարող հակամարտությունը, Զուրաբյանը առանց այլեւայլության նշում է, թե կարեւոր չէ, որ «հզոր թեկնածուն» ստանա բոլորի աջակցությունը: Բացի այդ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես չի թաքցնում եթե ոչ միասնական, ապա իր կուսակցության կողմից առաջադրվելու մտադրությունները: Այնպես որ, որքան էլ ՀԱԿ-ը հիմնավորի «հզոր թեկնածուի» կողքին կանգնելու անհրաժեշտությունը, հազիվ թե կարողանա համոզել «Ժառանգությանը»՝ սեփական թեկնածուին թողած, պաշտպանել ՀԱԿ-ի ընտրյալին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն եւս միասնական թեկնածուի իր «չափորոշիչներն» էր սահմանել եւ հայտարարել, որ այն գործիչը, որ կողմ կլինի խորհրդարանական համակարգին եւ ընդդիմությանը լայն իրավասություններով օժտելուն, ինքը կպաշտպանի նախագահի այդ թեկնածուին:
Եթե «Ժառանգության» դեպքում ամեն ինչ պարզ է, այսինքն` նա ՀԱԿ-ի նախընտրած «հզոր թեկնածուին» թերեւս ոչ մի դեպքում չի պաշտպանի, ապա առայժմ պարզ չէ ՀՅԴ-ի մոտեցումը: Թեպետ հիմա Դաշնակցության միտքը կարծես թե այնքան էլ զբաղված չէ միասնական թեկնածուի հարցով, քանի որ նա չի բացառել սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը:
Հավանաբար մեկնարկում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության «իրական» փուլը: ՀԱԿ-ը գտել է ԲՀԿ-ի սիրտը բացող բանալին, եւ աշնան սկզբում հանդես կգա հզոր գործընկերոջ հետ գաղտնի կոնսուլտացիաներ անցկացնելու նախաձեռնությամբ (եթե արդեն չի նախաձեռնել, այլապես «հզոր թեկնածուի» մասին չէր խոսի): Կարելի է նույնիսկ գուշակել կոնսուլտացիաների գլխավոր օրակարգը. «Տեր-Պետրոսյանը գնում է ինքնազոհության, չի առաջադրվում հանուն հզոր թեկնածուի»:
Բայց ամենազավեշտականն այն է, որ միասնական թեկնածուի հարցը դեռեւս չլուծած ընդդիմադիր քաղաքական ուժերը այս օրերին ակտիվորեն քննարկում են հարցը, թե քանի փուլով կընթանան նախագահական ընտրությունները: