1918 թվականի այս օրը շուրջ 600 տարվա ընդմիջումից հետո հայը կրկին հիմնեց անկախ պետություն: Մարդկության արժեքներից, թերևս, ամենակարևորներից մեկը` հայրենիքի ազատությունն ու անկախությունը` հանուն որի յուրաքանչյուր ազգ, իսկ հայերս, առավել ևս, պատրաստ ենք եղել զոհել սեփական կյանքը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը թեպետ ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, բայց անգնահատելի է նրա պատմական դերն ու հոգեբանական գիտակցումը` ինքնորոշվելու և ինքնիշխան պետականություն կառուցման գործում: Պատահական չէ, որ այս օրը մենք տոնում ենք մեծ խանդավառությամբ ու հպարտությամբ: Դեռևս շուրջ հարյուր տարի առաջ, գտնվելով քաղաքական ճգնաժամային ժամանակահատվածում, կարողացանք մեկ բռունցք դառնալ և կերտել ազատ, անկախ պետություն` իրեն բնորոշ պետական և հասարակական բոլոր ինստիտուտներով: Եվ եթե դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությանը հայը կարողացավ համախմբվել և աշխարհի քաղաքական քարտեզին կիկին դրոշմել Հայաստանի Հանրապետություն պետությունը, ապա մենք պետք է շարունակենք հպարտանալ, որ հայ ենք և լինենք ավելի վճռական և սկզբունքային մեր ներկայիս պետության և պետականության զարգացման և հզորացման սուրբ առաքելության գործում, որտեղ յուրաքանչյուրս մեր տեղում ունենք ասելիք և անելիք: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/674463412623839?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել