Newsbook.am-ը գրում է.
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որը կառավարության կազմում ամենահին անդամն էր, այսօր արդեն կարող է իր անվան դիմաց գրել՝ նախկին նախարար: Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել այս պաշտոնում նշանակել Երվանդ Զախարյանին՝ Երևանի նախկին քաղաքապետին, որին որոշակի շրջանակներում «Մազութի Երվանդ» են կոչում: Այս մականունը նրան բաժին է հասել մութ ու ցուրտ տարիներից, երբ նա էլ իր որոշակի մասնակցությունն ուներ «մազութի գործում»:
Դժվար է հասկանալ Երվանդ Զախարյանին այս պաշտոնում նշանակելու Սերժ Սարգսյանի տրամաբանությունը, քանի որ Երևանի նախկին քաղաքապետը վերջին տարիներին շատ համեստ պաշտոն էր վարում և, կարծես թե, մեծ ամբիցիաներ չուներ նախարարական պորտֆել զբաղեցնելու յամար: Ավելին, շատերին թվում էր, թե Երվանդ Զախարյանի «գնացքն արդեն գնացել է» ու նա պատվով պիտի անցներ կենսաթոշակի:
Բայց, ի զարմանս շատերի, Երվանդ Զախարյանը դառնում է երկրի համար կարևորագույն ռազմավարական ոլորտներից մեկի նախարարը: Իսկապես հետաքրքիր է: Իսկ Արմեն Մովսիսյանը, երևի, դժգոհելու առիթ չունի, նա հայրենի Սյունիքում հասցրել է ջայլամաբուծական կենտրոն հիմնել, ձեռք բերել անշարժ ու շարժական գույք:
Մ. Լևոնյան