Գրականությունը և քաղաքականությունը սերտորեն առնչվում են միմյանց հետ, և որքան էլ ջանանք բացառել դրանց երկուսի համատեղ «հանդես գալը», այնուամենայնիվ կզգացվի բացակա կողմի կարիքը:
Չարենցը իր ուրույն դերն ունի այդ երկուսի համատեղման գործում, և դա անում է այնքան հմտորեն ու զգույշ, որ ընթերցելիս և՛ բավականություն ես ստանում Չարենցի ստեղծած գրական արժեքից, և՛ հնարավորություն՝ հասկանալու քաղաքականության բնույթը: Առհասարակ գրականությունը իր դերն անթերի է կատարում քաղաքականության բեմահարթակում, որտեղ ոչ միայն առանց դիմոփոշու բեմականացվում է կյանքը, այլ նաև «հանդիսատեսը» հնարավորություն է ստանում տեսնելու կյանքի այլանդակ դեմքը:
Այդպիսի քաղաքական-գրականան արժեքներ շատ կան, որոնց մի մասն էլ, ի դեպ, ձեռք են բերել ճանաչում, և համարվում են մեծարժեք գործեր: Չարենցը նույնպես ստեղծել է այդպիսի մեծարժեք գործեր, բայց դրանք ճանաչում չեն ունեցել ոչ այն պատճառով, որ պակաս արժեքավոր են, քան մնացածները, այլ այն պատճառով, որ Չարենցի այդ ստեղծագործությունները նեղ են ու պարփակված են միայն հայերի պատմության մեջ:
«Կապկազ» (Թամաշա)» կամ «Քաղաքական թատրոն» կոչվող պիեսում Չարենցը կարողացել է հիանալի ներկայացնել հայ ազգը, ով խոսելու փոխարեն կրկնում է այն ամենը, ինչ իրեն ստիպում են կրկնել: Այստեղ նա «բեմադրել» է մի թատրոն, որտեղ ժողովել է տարբեր երկրների ներկայացուցիչներին՝ յուրաքանչյուրին հատկացնելով իր արժանի դերը: Հային ինչպես միշտ բաժին է ընկել «ծաղրածուի» դերը, քանի որ այդ դերը նա շատ հիանալի է կատարում: Քծնելով «քույրիկ պետություններին» և ծնկի գալով «իրեն ապտակողների առաջ»՝ հայը ոչ միայն դեմ է տվել մյուս այտը, այլ նաև սեփական խնդիրները հարթելու գործում միշտ սպասել է օգնող ձեռքի, որը, ըստ Չարենցի, ոչ այլ ինչ է, քան ծաղրանք ու խեղկատակություն: Այդ ամենը չգիտակցելով, ավելին՝ շարունակելով կախվել ուրիշների փեշերից, Հայը սպասել ու սպասում է այն միակին, ով կգա ու իրեն կազատի բոլոր դժվարություններից: Բայց արի ու տես, որ այդ միակը ոչ միայն մտադիր չի գալ, այլև շարունակում է նույն խաղը խաղալ հայի գլխին, որտեղ միակ գործընթացը սուտ խոստումներ խոթելն է հայի բերանը:
«Դանթեական առասպել» պոեմում Չարենցը պատմում է պատերազմի մասին, որը բոլոր ժամանակներում միշտ անփոփոխ է ու արյունարբու: «Պատերազմը մեզ ոչինչ չի տալիս» ենթատեքստով հագեցած պոեմում Չարենցը փորձում է սարսափազդու տեսարանների նկարագրություններով հավաստիացնել, որ պատերազմում հաղթողներ չեն լինում, քանզի պատերազմը ինքնին մահ է, իսկ մահը չի կնքում հաղթողներին: Այն ժամանակներից ի վեր, երբ մարդը ոտք է դրել երկրի վրա, առանց թակոցի ներս է մտել նաև պատերազմը, ով մարդուն ուղեկցում է իր ողջ կյանքի ընթացքում: Հոգեկան ու ֆիզիկական պատերազմները, որոնք մարդը ոչ միայն մղում է ուրշների, այլև ինքն իր դեմ, ոչ այլ ինչ են, քան սատանայական ձեռքբերումներ, որոնց միջոցով նա շահում է խաղը ու ստիպում մարդկությանը տանուլ տալ սեփական գոյությունը: Պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի մարդը, սատանան, Աստված, ովքեր պատերազմելով միմյանց դեմ՝ զոհաբերում են անթիվ մահկանացուների:
«Խմբապետ Շավարշը» կեղծ հարաբերությունների մասին է, քաղաքական մարդկային համագումար, որտեղ բացառված են վստահությունն ու անզնվությունը: Իշխանության աթոռներին իրենց հետույքները սոսնձած անհատները, չեն կարող միմյանց նկատմամբ չտածել նախանձ ու հակակրանք, քանզի քաղաքականությունը գայլի ախորժակ ունեցող մարդկային ոհմակ է, որտեղ ախորժակը բավարարելու համար անհրաժեշտ է խժռել միմյանց: Ուժեղներից զանազանվում և ավելի ուժեղ է դառնում այն քաղաքական գործիչը, ով ուժեղների առաջ երեսը դեպի պատը շրջել չի կամենում: Սակայն այդ «ավելի ուժեղներից» էլ ավելի վեր է դասվում այն անհատը, ով չի ենթարկվում «Երե՛սդ դեպի պատը» հրամանին: Քաղաքականության մեջ վախկոտ են բոլորը, քանզի ուժեղներից արդեն զանազանվել են ավելի ուժեղները, իսկ ավելի ուժեղներից՝ էլ ավելի ուժեղները…
Այս ամենը Չարենցը ամփոփել է «Մահվան տեսիլ» բանաստեղծության մեջ, որը ոտից-գլուխ զղջում ու ափսոսանք է: Իրեն ու իր կյանքը քաղաքականացնելով՝ Չարենցը հասկացել է, որ քաղաքականությունը ճահճի պես դեպի իրենն է քաշում ու խեղդում նրանց, ովքեր փորձում են անցնել մյուս ափը. Քաղականությունը Չարենցին ոչնչացրեց ու ստիպեց ծանր ու խռպոտ շնչել մինչ այդ թեթև ու անբիծ թվացող կյանքում: Հասկանալով, որ խոստումները սուտ դուրս եկան, ու քաղականության ժառանգները (հեղափոխություն, պատերազմ, ապստամբություն) այն ինչ են, քան պատրանք ու խաբեություն, Չարենցը մեղավոր է զգում իրեն այն ժողովրդի առաջ, ում խոստացել էր «հեռուներից կրակ բերել»: Քաղաքականությունը ոչինչ չի բուժվում և ոչինչ չի տալիս ենթատեքստով հագեցած բանաստեղծությունը, կոչ է բոլոր նրանց, ովքեր հիմարաբար շարունակում են հավաստիացնել և հիմարաբար հավատալ, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2014/04/blog-post_23.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել