Newsbook.am-ը գրում է.

Սա բնավ էլ զավեշտի և կամ հումորի ոլորտից չէ: Հայաստանյան իրականության մեջ շատ վաղուց զավեշտն ու հումորը վերածվել են պետական մտածողության և քաղաքականության: Ասվածի ամենավառ արտահայտություններից մեկն էլ այն է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, հնարավոր է, զբաղեցնի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Դեռ օրեր առաջ մենք հումորով էինք խոսում այս մասին, մինչդեռ, պարզվում է, մեր ունեցած տեղեկությունն իր իրական հիմքերն ուներ: Փակելով Բուդաղյան եղբայրներից մեկի սպանության, մյուսի հանդեպ մահափորձի քրեական գործերը և ազատ արձակելով Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին, իշխանությունները, պարզվում է, մեծ խոստումներ էին տվել Լիսկային՝ նոր պաշտոնով ապահովելու մասին: Եվ ահա իշխանական շրջանակներում քննարկվում է երկու տարբերակ. Կամ Լիսկան դառնում է Սյունիքի մարզպետ՝ «ֆուկ» անելով Վահե Հակոբյանին, կամ էլ զբաղեցնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Առաջին տարբերակի «ճարտարապետը» հայտնի Լոնդիկն է, Էդիկ Բարսեղյանը, որը վերջերս այցելել էր էներգետիկայի նախարարություն և մոտ մեկ ժամ «խորհրդավոր զրույց» ունեցել Արմեն Մովսիսյանի հետ: Հավանաբար, նա Արմեն Մովսիսյանին համոզել էր՝ օգտագործել իր կապերն ու ազդեցությունները և նպաստել Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում: Իսկ ահա մեկ այլ շրջանակ էլ ջանքեր է գործադրում, որպեսի Լիսկան նախարար դառնա: Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրն առնելուց հետո, Լիսկան ու Լոնդիկն այցելել էին նրան:

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել