Հայաստանի 13-րդ վարչապետին նշանակեցին՝ Հովիկ Աբրահամյանն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը նոր վարչապետի պաշտոնում նշանակել է մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստերից հետո հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նախագահն իր համար նախընտրելի թեկնածուին ներկայացրել է ՀՀԿ Գերագույն մարմնի մոտ 20 անդամին, այնուհետև հրավիրված նիստում որոշումը միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև ՀՀԿ քաղխորհրդի մոտ 160 անդամը։

Մինչ այս Սերժ Սարգսյանը կոնսուլտացիաներ էր անցկացրել խորհրդարանական խմբակցությունների հետ, լսել նրանց կարծիքը։ Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: Հրաժարականից հետո որպես հավանական թեկնածուներ շրջանառվում էին հետևյալ անունները` Արմեն Գևորգյան, Արմեն Երիցյան, Կարեն Կարապետյան, Ռալֆ Յիրիկյան, Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Վիգեն Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան: Առաջինը հերքվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «տարբերակը»: Նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ապրիլի 4-ին հայտարարել էր, որ շրջանառվող լուրը, թե Քոչարյանը վարչապետի թեկնածուներից մեկն է, իրականությանը չի համապատասխանում, գրում է Tert.am-ը:

Ապրիլի 6-ին Ծաղկաձորում մեկնարկած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովում ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նշել էր, որ նման առաջարկ չի ստացել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը նույնպես շտապել էր հերքել լուրը, թե Ռալֆ Յիրիկյանը կարող է դառնալ վարչապետ. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է «Ժամանակը»:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետի բացակայության ընթացքում նրան փոխարինում է փոխվարչապետը: Երկրի ղեկավարը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:

Ըստ 55-րդ հոդվածի՝ վարչապետի՝ հրաժարական ներկայացելու կամ նրա պաշտոնի թափուր մնալու օրը նախագահն ընդունում է նաև Կառավարության հրաժարականը: Սահմանադրությամբ ամրագրված է, որ գործադիրի հրաժարականի ընդունումից հետո դրա անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր Կառավարության կազմավորումը, ինչը պիտի լինի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ երկրի ղեկավարն Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել