Ալիեւը կըմբռնի՞ Իրանի պատգամը...Ադրբեջանի ժպտադէմ շրջադարձը՝ դէպի Իրան


ԽՄԲ.

Նախագահ Ռոհանիի հրաւէրով երէկ մէկօրեայ այցով Թեհրանում գտնւեց Իլհամ Ալիեւը, որն վերջին անգամ Թեհրան էր այցելել 2009-ին:
Հաշւի առնելով, որ վերջին շուրջ 5 տարիների ընթացքում Իրան-Ադրբեջան փոխյարաբերութիւնների ֆոնին մշտապէս բացասական ու Ադրբեջանի կողմից միակողմանիօրէն ոչ-բարեկամական դրսեւորումներն են ուղեկցւած եղել, ուստիեւ՝ Ադրբեջանի նախագահի կողմից հրաւէրի հապճեպ ընդունումը (ըստ երեւոյթի՝ վերջերս Ռոհանին Դաւոսում նման հրաւէր է ուղղել Ալիեւին), որոշակի կռահումների տեղիք է տալիս:
Մէկօրեայ այցը, սակայն, խոշոր տոկոսով ու պաշտօնական տեղեկութիւնների համաձայն՝ բնութագրւեց տնտեսական-էներգետիկ համագործակցութեանց նոր ծրագրերի կենսագործմամբ:
Ենթատեքստում, սակայն, յատկանշական էին պրն. Ալիեւի յայտարարութիւններն առ այն, որ «Երկու իսլ. երկրների համագործակցութիւնը կը նպաստի իսլամի զօրեղացմանը... եւ որ շրջանում իսլ. երկրների միջեւ խռովութիւն հրահրողների ջանքեր են նկատւում...» մեղմ ասած՝ տարակուսանքի տեղիք են տալիս, երբ նոյն ալիեւական Ադրբեջանը տարիներ է, ինչ հէնց տնտեսական ու մասնաւորապէս ռազմա-քաղաքական հարթակի ուղղակի թէ անուղղակի դեր էր ստանձնել յօգուտ շրջանում ընդգծւած հակաիրան պետութիւն համարւող Իսրայէլի սիոնիստական վարչամեքենայի: Մի հարց, որին թէեւ «մեսիջի» լեզւով, բայց դիպուկ կերպով անդրադարձաւ նոյնինքն հոգեւոր առաջնորդ Խամենէին Ալիեւին ընդունելու ընթացքում: Իսկ իսլամի հզօրացման մասին խօսելու Ալիեւի լարախաղաց պահւածքը, այն էլ ԻԻՀ դիւանագիտական-քաղաքական առաջնակարգ պատասխանատուների ներկայութեամբ, շողոքորթելուց բացի՝ այլ կերպ բնութագրելի չէ, երբ նոյն իսլամի անւամբ Ալիեւը իր հարիւրաւոր ընդդիմադիրներին բանտախուցերում է պահում:
Մի այլ ենթատեքստ եւս, որն որպէս պատգամ փոխանցւեց պրն. Ալիեւին, Արցախի հարցի կապակցութեամբ նախագահ Ռոհանիի սկզբունքային դիրքորոշումն էր, ըատ որի՝ «Տարածաշրջանային խնդիրները, այդ թւում Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհներով...»:
... Այնուամենայնիւ, Ալիեւի թեհրանեան այցը պահի առումով եւս խորհելու տեղիք է տալիս առ այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական նոր վերիվայրումների ձախորդ հետեւանքներից խոյս տալու համար՝ ժպտադէմ շրջադարձ է կատարել Իրանի ուղղութեամբ. չէ՞ որ Ադրբեջանի հարաւային շրջանների իրանամէտ թալիշների գործօնն է առկայ...
Ինչեւէ, Ալիեւը Թեհրան այցելութեան ընթացքում ունկնդրեց Իրանի Իսլ. Հանրապետութեան բարձրաստիճան պետայրերի պատգամները: Կը լսի՞, առաւել եւս՝ կըմբռնի ու կը գործադրի՞ դրանք, ցոյց կը տայ ապագան, որում ինչ խօսք՝ որոշիչ է լինելու աւագ եղբօր՝ Թուրքիայի կեցւածքը, որն էլ իր հերթին տարակուսանքի տեղիք է տալիս՝ հաշւի առնելով յատկապէս Իրանի տարածաշրջանային քաղաքականութիւնը՝ մասնաւորապէս Սիրիայի տագնապի առնչութեամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել