Hetq.am-ը գրում է.

Երեկ շուրջ մեկ ամիս տևած ադրբեջանական գերությունից հետո տուն վերադարձավ տավուշցի Արսեն Խոջոյանը: Ուրախալի այս լուրը սակայն ստիպում է մտածել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վիճակի մասին:

Նշաններ

Համաձայն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 2011 թվականի 735-Ն որոշման` պետական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա պետք է տեղադրվի նշան, որը երեք լեզուներով կտեղեկացնի ճանապարհով ընթացողներին, որ վերջիններս մուտք են գործում սահմանային շերտ:

Սակայն Հայաստանի Հանրապետությունում եթե անգամ կան այդպիսի նշաններ, ապա դրանք հատուկենտ են: Շատերս ենք տարբեր առիթներով եղել սահմաններին, սակայն երբեք չենք նկատել նման նշան, ինչը ազգային անվտանգության ծառայության բացթողումն է:

Եվ եթե Մեղրիում կամ Մարգարայում նման նշանի բացակայությունը հազիվ թե հանգեցնի քաղաքացու կողմից սահմանը սխալմամբ հատելուն, քանի որ Թուրքիայի և Իրանի սահմաններին կա փշալար և գետ (Արաքսը), ապա այն կարող է նման հետևանքների հանգեցնել հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմաններում:

Դա պարբերաբար տեղի է ունենում Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերի բնակիչների հետ, երբեմն` ողբերգական հետևանքներով:

Փշալարեր

Ադրբեջանից հայրենադարձված Արսեն Խոջոյանը լրագրողներին պատմեց, որ սահմանին փշալար չի եղել, և ինքը պատահաբար է հատել հայ-ադրբեջանական սահմանը:

Եվ դա նորություն չէ: Այն ժամանակ, երբ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին կան բավականին մեծ ու անընդհատ փշալարեր, հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմաններին (դրանց երկայնքի մեծ մասում) փշալարերի հոտ անգամ չկա:

Եվ դա այն պայմաններում է, երբ Թուրքիայի ու Իրանի հետ մեզ բաժանում է նաև բավականին մեծ ու հզոր Արաքս գետը… Իսկ ամենամեծ սահմանային վտանգը գալիս է Ադրբեջանից:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը ունի պատմական պատճառներ` Թուրքիայի և Իրանի հետ մեր սահմանը նախկին ԽՍՀՄ սահմանն է, և, բնականաբար, ունի փշալարեր:

Սակայն մենք արդեն 23 տարի է, ինչ անկախ ենք, և ունենք մեր պետական սահմաններն ու դրանցից եկող վտանգները:

Ադրբեջանական սահմանը, անշուշտ, բոլոր տեսանկյուններից ամենավտանգավորն է: Իզուր չէ, որ այդ սահմանին կան ականապատ դաշտեր, խրամատներով զինվորականներ և այլն: Բայց եթե մոլորված մարդը կարողացել է հատել այդ սահմանը, ապա այն կարող է հատել նաև հակառակորդի հետախույզը… Եվ սա այն դեպքում, երբ որևէ հետախույզ չի կարող հատել իրանական կամ թուրքական սահմանը (անանցանելի և սենսորներով զինված փշալարերի պատճառով):

Ընդ որում, եթե հետախույզին ներս չթողնելը առավել դժվար է (պետք է անանցանելի փշալար), ապա մոլորված մարդուն սահման հատելուց հետ պահելը բավականին հեշտ է… Անգամ սիմվոլիկ մի փշալարն էլ է հերիք, որ մարդը հասկանա, որ սահմանին է հասել:

Կրկին ԱԱԾ-ն

Մենք արդեն գրել էինք մեր երկրի ազգային անվտանգության մարմինների կողմից տարբեր հարցերում դրսևորվող անգործության մասին: Այս դեպքում կրկին մեղքը ԱԱԾ-ինն է, քանի որ, համաձայն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, պետական սահմանի պահպանությունը դրված է ԱԱԾ-ի վրա:

Ու թեև Ադրբեջանից եկող ռազմական վտանգի պատճառով սահմանին կանգնած են զինված ուժերի զինծառայողները, հենց ԱԱԾ-ն է պարտավոր սահմանին մոտ ճանապարհների վրա տեղադրել նշաններ և ձեռնարկել միջոցներ, որ մարդիկ չկարողանան հատել սահմանը:

Լուսանկարում`  հայ-իրանական սահմանը

Դանիել Իոաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել