Lragir.am-ը գրում է.
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել Հայաստանում ռուսական Ռոսսիա-1 եւ Առաջին ալիք հեռուստաընկերությունների հեռարձակման բովանդակային մասի վերաբերյալ մտահոգությամբ: Պլատֆորմը համարում է, որ այդ բովանդակությունը նենգափոխված տեղեկատվահոսքով եւ մեկնաբանություններով խախտում է Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, տարածում այլատյացություն, ազգամիջյան թշնամանք, ինչն արգելված է նաեւ միջազգային մի շարք կոնվենցիաներով, որոնց միացած է նաեւ Հայաստանը:

Հայաստանում ռուսական այդ հեռուստաալիքների հեռարձակումը դարձել է Հայաստանի ինքնիշխանության առանցքային խնդիր: Դրանք Հայաստանի հասարակության համար ապահովում են միակողմանի գերքարոզչություն, դրանով իսկ լուծելով Հայաստանի վասալացման գործընթացի ինֆորմացիոն հովանավորության հարցը:

 Ընդ որում, դա արվում է բավական հետաքրքիր ձեւով: Ռուսական ալիքները վասալացման ինֆորմացիոն հովանավորության այսպես ասած «պրեմիեր լիգան» են: «Առաջին դիվիզիոնը» առավելապես հայկական տեղեկատվական միջավայրում է, որտեղ մամուլի տարբեր միջոցներ եւ փորձագետներ հիմնավորում են Հայաստանի վասալացման անհրաժեշտությունն «ազգային շահի» տեսանկյունից:

 «Բարձրագույն լիգան», այսինքն ռուսական համապետական հեռուստաալիքները, խնդրին տալիս է առավել լայն լուծում, ներկայացնելով «համաշխարհային մեծ դավադրությունը» Ռուսաստանի ու նրա բարեկամների դեմ, հետխորհրդային հանրապետությունների դեմ, ներկայացնելով, թե ինչպես են այդ դավադրության զոհը դառնում Արեւմուտքի հետ բարեկամություն ընտրողները:

 Այլ կերպ ասած, ուղղակի կամ անուղղակի, հայ հեռուստադիտողի, Հայաստանի քաղաքացու համար այդ հեռուստաալիքները նկարագրում են «դավադիր ու խորամանկ» Արեւմուտքի պատկեր, որից Հայաստանը եւ Արցախը կարող են պաշտպանված զգալ միայն Ռուսաստանի համապատասխան տեղում, իսկ ովքեր դեմ են դրան՝ Արեւմուտքի գործակալներ են եւ պետության դավաճաններ:

 Ամեն ինչ շատ պարզ է ու պարզունակ. Հայաստանի հանրության մոտ ներարկվում է վախ աշխարհի հանդեպ եւ անվստահություն սեփական ուժի, մտքի, կամքի հանդեպ: Եվ առավել ցավալին այն է, որ այդ քարոզչությունը շոշափելիորեն կենսունակ է մի հանրության շրջանում, որն ընդամենը երկու տասնամյակ առաջ անհավասար պատերազմ է հաղթել հենց սեփական մտքին, կամքին վստահելու եւ հավատալու ու աշխարհից չվախենալու շնորհիվ:

 Եվ այդ հաղթանակն ու դրա հանդեպ աշխարհի փաստական վերաբերմունքը վկայել են, որ աշխարհում գնահատվում են հենց այն ժողովուրդները, համաշխարհային ազգերի մրցակցությունում, համաշխարհային ասպարեզում լեգիտիմ եւ պաշտպանված են այն ժողովուրդները, որոնք ապավինում են սեփական մտքին, կամքին եւ շահին եւ աշխարհի հետ խոսում են բաց, հստակ, քաղաքակրթական տեսանկյունից համարժեք լեզվով ու արժեքներով:

 Սակայն, այդ խոսուն հաջողությանը հաջորդող տարիների ընթացքում Հայաստանի հասարակության հետ թե տեղի իշխանությունը, թե նրանց հովանավորող Կրեմլը խոսեցին մի լեզվով, որը Հայաստանում հաստատեց սեփական անզորության, ոչնչության, միայն Ռուսաստանին ապավինելու գնով փրկվելու հանրային համոզում: Եվ այժմ խորացվում է այդ համոզումը քարոզչական համապատասխան միջոցներով:

 Այդ շրջանակում էլ հայտարարվում է, օրինակ, որ Հայաստանի հասարակության մեծ մասը աջակցում է Մաքսային միություն մտնելու, Ռուսաստանին ապավինելու ցանկացած որոշում:

 Ակներեւ տեսնելով, թե ինչ հետադեմ արժեքների, գաղափարների եւ մեթոդների կրող է Ռուսաստանը, Հայաստանի հասարակությունն այդուհանդերձ ներշնչված վախի եւ ինքնանվաստացման մթնոլորտում նախընտրելի է համարում գոնե Ռուսաստանի հետ լինելը, քանի որ «լավ, թե վատ, էլի միայն ռուսը մեզ կպաշտպանի, կօգնի տնտեսապես յոլա գնալ»: Այդ հայտարարությունը Հայաստանում հնարավոր է լսել շատ հաճախ:

 Ընդ որում, այդ իրավիճակը հասել է բարոյական անկման այնպիսի մակարդակի, որ թվում է, թե այլընտրանքային տեղեկատվության, այլընտրանքային կարծիքի եւ չնենգափոխված լրահոսի ապահովումն այլեւս անզոր են փոխել իրերի դրությունը, եւ իրավիճակը փոխելու համար իսկապես անհրաժեշտ է դադարեցնել ռուսական գերքարոզչության տարածումը Հայաստանի քաղաքացու մտքի եւ հոգու վրա: Եթե իհարկե Հայաստանում կա անկախ պետության քաղաքացի ձեւավորելու ռազմավարական նպատակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել