Lurer.com-ը գրում է.

Հայ ժողովուրդն արդեն ապացուցել է, որ չի պատրաստվում մոռանալ Հայոց ցեղասպանությունը և դրանից բխող հետևանքները: Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Հայ ժողովուրդն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է շարունակել պայքարը հանուն նրա, որ համաշխարհային հանրությունը ճանաչի Ցեղասպանությունը: Դրա մասին են վկայում ցեղասպանությունը ճանաչելու կոչերով ցույցերը և բողոքները աշխարհի տարբեր երկրներում»,-նշեց քաղաքագետը:

Նա ասաց, որ միջազգային հարթակները միշտ դանդաղ են աշխատում նման դեպքերում, երբ ուղղակի պետք է ճշմարտությունը հաստատել, սակայն նույնիսկ այդ երկարաժամկետ գործընթացը հայերին չի կարող ստիպել հետ կանգնել պատմական արդարությունը վերականգնելու ցանկությունից: «Հարկավոր է վերջակետ դնել այս ամենին, և ես համոզված եմ, որ դա մի օր տեղի կունենա»,- ասաց Շաքարյանցը:

Սերգեյ Շաքարյանցը հիշեցնում է, որ 1919թ. Թուրքիայի դեմ սկսված իրավական գործընթացներն այդպես էլ անավարտ մնացին, քանի որ մեծ տերությունները որոշել են փոխել իրենց ձևակերպումներն ու մոտեցումները: «Եվ դրա համար մենք հիմա ունենք նաև Արցախի հիմնախնդիրը, մենք Քեսաբում ականատես ենք լինում մեր հայրենակիցների նկատմամբ բռնությունների: Եթե Թուրքիան ժամանակին պատժվեր, մենք չէինք կորցնի Նախիջևանը, Նախիջևանի հայությանը ոչ մեկը չէր կոտորի, Արցախի հիմնահարցը կարող էր վաղուց լուծված լինել, Քեսաբում այսօր այդ ողբերգական դեպքերը չէին լինի»,- ասաց Շաքարյանցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել