Չնայած «Ժառանգության» կուսակցության կողմից Վանաձորի «Արցախ» պուրակում ապրիլի 4-ին կազմակերպվելիք հանրահավաքի համար կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  Վանաձորի քաղաքապետարանից խնդրել էր տարածքը տրամադրել ժամը 11-ից մինչեւ 23-ը, եւ քաղաքապետարանն էլ ընդառաջել էր (ինչը տեղ էր գտել քաղաքապետարանի կայքում), սակայն «Ժառանգության» կողմից դեռ  2 օր առաջ բնակչությանը գրավոր ծանուցումներ բաժանվեցին՝ հանրահավաքին ժամը 15-ին ներկա գտնվելու խնդրանքով: Այդուհանդերձ, ապրիլի 4-ին Վանաձորի «Արցախ» պուրակը ցավալիորեն սակավամարդ էր, բայց՝ հասարակության մտավոր շերտերն էին ավելի շատ, որոնց թվում` ընդդիմադիր կուսակցությունների անդամներ: Մասնակիցներից ոմանք ավելի շատ միմյանց հետ զրուցում էին  քաղաքական  հարցերից, քննարկում վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեին  տված  ու ՀՀ նախագահի կողմից ընդունված հրաժարականի հարցը, ավելի շատ՝ վիճաբանում, քան՝ լսում. երեւի մարդիկ հոգնել են անընդհատ նույնը լսել:Մի քանիսն էլ սաստում էին բարձր խոսողներին: Միմյանց հետ բանավիճող երկու քաղաքացու վեճը թեժացավ նրանով, որ մեկը մյուսից հետաքրքրվեց, թե «Դու ո՞ր կուսակցությունից  ես» մյուսն էլ պատասխանեց. «Ե՞ս....մարդու  կուսակցությունից»:  Մեկն էլ համոզված էր, որ «Մինչեւ մի քանիսին չգյուլլեն, էս երկիրը չի դզվի»: «Ազգային պետությունից են խոսում, բայց հլա թուրքերեն գրությանը. «Վանաձորի «Արցախ» պուրակի սննդի օբյեկտներից մեկին փակցված «Յաղլի-բիշի» մակագրությունը մատնացույց արեց մի քաղաքացի, որ ինձ հետ զրույցում ասաց, թե «Երեւանից «փախել-եկել» է, որ գլուխն ազատի միտինգներից, բայց հիմա էլ այստեղ է միտինգ, ու ինքն այդ մասին իմացավ պատահաբար, անցնելիս (ինչպես շատ քաղաքացիներ, որոնք անցնելիս հետաքրքրվում էին, թե ինչ միջոցառում է): Քանի որ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարանին իրազեկման գրությամբ նշել էր, թե «ակնկալվում է 1000-5000 մասնակցի առկայություն» (Հայ-հա՜յ, 5000 մարդ... Վանաձորում 5000 շարժունակ քաղաքացի էլ չի երեւի թե մնացել, այն էլ՝ խոպանի սեզոնին), ուստի ոստիկանների պատկառելի խմբեր կային պուրակի մերձակայքում): Իսկ հանրահավաքը տեւեց ընդամենը 1 ժամ՝ ոչ ավել: Ելույթներ ունեցան  ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի  Հովհաննիսյանն  ու Արմեն Մարտիրոսյանը, հավաստիացրին, որ պայքարը շարունակելու են մինչեւ վերջ, ասացին այն նույն ըննդիմադիր մտքերը՝ ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին, որոնք ասում են նաեւ մյուս բնակավայրերում, եւ, ինչպես միշտ, ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամ պատասխանեց իրեն շրջապատած տեղական ԶԼՄ-ների հարցերին: Ինչպես սովորաբար «Ժառանգության» հանրահավաքներին, մինչ միջոցառման սկսվելն ու միտինգավորների հավաքվելը պուրակում թեւածում էր Արտո Թունջբոյաջյանի հայտնի գլուխգործոցը՝ մասնակիցների ազգային ոգին բարձրացնելու միտում ունեցող «Արարատ» երգը: Ի դեպ, Արմեն  Մարտիրոսյանն ավելի շուտ էր եկել միտինգի, քան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, թեպետ՝ վերջինիս ժամանելուց հետո միայն սկսվեց միտինգը: ...Մասնակիցների թվաքանակի սակավությունը, թերեւս, կարելի էր բացատրել նաեւ այն հանգամանքով, որ թոշակ-աշխատավարձերի բաշխման օր էր, եւ բնակչության մի ստվար զանգվածի համար թունդ առեւտրային օրեր էին, ինչի ապացույցը խանութներում ու առեւտրի կետերում հերթերի առկայությունն էր:       

 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել