ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերջին մի քանի ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ իր մեծ անտեղյակությունն է դրսեւորում ռեժիմի ու իր կուսակցության ներսում կատարվող գործընթացների վերաբերյալ:
Մաքսային միությանը միանալու իր շեֆի հայտարարության օրը, թե նախօրեին, նա համոզված հայտարարում էր, որ Հայաստանը վստահորեն գնում է եվրոասոցացման եւ Մաքսայինին միանալու հարց օրակարգում չկա:
Վարչապետի ու կառավարության հրաժարականի նախօրեին նույն վստահությամբ նա պնդում էր, թե հրաժարականը բացառվում է. ««168 Ժամի» ճշտող հարցին, թե ՀՀ կառավարությունը հրաժարական չի՞ տա, Գ. Սահակյանը պատասխանեց. «Դա անհեթեթ դրսևորում է, պարզապես մարդիկ փորձում են ԱԺ-ում որոշակի դիրքեր զբաղեցնել, նոր խնդիրներ առաջացնել, նոր մոտեցումներ… Իհարկե, մենք դրան էլ ենք կողմնակից, բայց դրա լուծումները բարեկրթության շրջանակներում կստանան իրենց պատասխանները: Մենք որոշակի քննարկումներ էլ չենք անում ՀՀ կառավարության հրաժարականի վերաբերյալ»:
Լինելով կուսակցության երկրորդ դեմքերից մեկը, փաստորեն, Գալուստ Սահակյանը ամենակարեւոր կիլոմետրերով հեռու է ՀՀԿ-ի ներքին անցուդարձից: Սա նշանակում է, որ նա ՀՀԿ-ում կատարում է զուտ խեղկատակ-ծաղրածուի ֆունկցիա...
Այնուամենայնիվ, արդարության համար նշենք, որ ՀՀԿ մյուս փոխնախագահները եւ կուսակցական գլխավոր ֆունկցիոներները եւս նույն անտեղյակության մեջ են, իսկ նրանց էլ վերապահված է այլ ֆունկցիաներ, ասենք՝ Ֆեյբուքում կատարել ԲՏՌ-ի դեր, օդում փուչիկ փչել, թութակային երանգներով ամեն օր հանրությանը ներկայացնել առաջնորդի մտքերը, եւ այլն...
Այս ամենը նշանակում է, որ ՀՀԿ-ի ներսում բացարձակ ավտորիտար կառավարում է, ու ամեն ինչ բացառապես լուծում է մեկ մարդ...