Newsbook.am-ը գրում է.
Այսօր Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչեց: Սահմանադրական դատարանը նաև հայտարարեց, որ ՍԴ-ի որոշման պահանջներից բխող իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կուտակային բոլոր վճարները:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, նրանց հետ համակարգային առումով փոխկապակցված դրույթները, այն մասով, որով չեն պահվում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով՝ «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 85–րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր: Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «որի տնօրինման կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Սահմանադրության 83-րդ հոդվածի առաջին կետին հակասող և անվավեր:
Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայավող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ-իրավական ակտերով» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին հակասող և անվավեր:
Հատկանշական է, որ իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց սեպտեմբերի 30-ը` Ազգային ժողովին հնարավորություն տալու համար «կուտակային» և դրա հետ փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումը համապատասխանեցնելու ՍԴ որոշմանը: Նշենք, որ գործի քննությունը սկսվել էր մարտի 28-ին և ավարտվել մարտի 31-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ԱԺ 4 խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան և դիմումով վիճարկում էին «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» ՀՀ օրենքի մի շարք դրույթների` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչելու հարցը: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարան է ներկայացվել 2014-ի հունվարի 1-ից օրենքի գործադրումը կասեցնելու միջնորդություն:
Նշենք, որ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: