Yerkirmedia.am-ը գրում է.
Սիրիայի հակամարտությունում Թուրքիայի ուղղակի մեղսակցության մասին հայտարարությունների, փաստերի շարքն ավելացավ աղմկահարույց մեկ այլ բացահայտումով, որն այդ երկրի ներքաղաքական պայքարի արդյունք է։
Երկիրը ցնցել է youtube-ում հայտնված գաղտնի ձայնագրությունը, որը կատարվել է, ամենայն հավանականությամբ, այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունում։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը, նրա տեղակալը, Ազգային հետախուզության ծառայության պետը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը քննարկում են Սիրիայի հակամարտությունը, իրենց երկրի ծրագրերը։
Secim gudumu (Սեչիմ Գյուդումու) ծածկանունը կրող օգտատիրոջ կողմից Youtube-ում տեղադրած ձայնագրության մեջ, որն արվել է գաղտնալսմամբ, Դավութօղլուն խոսում է Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին, երբ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, որտեղից նրանք 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք, եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի։
Այնուհետ Դավութօղլուն շարունակում է, թե "պետք է 2012-ին հարձակվեինք, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ չմտանք Սիրիա"։
Հետախուզության պետ Ֆիդանը հավելում է, որ արդեն 2000 միավոր սպառազինություն ու ռազմական նշանակության ապրանքներ են ուղարկվել զինյալներին, իսկ գեներալ Գյուլերն էլ կարեւորում է ապստամբներին սպառազինելու անհրաժեշտությունը։ Նա խոսում է Սիրիա գեներալ գործուղելու մասին։
Ձայնագրության հրապարկումից անմիջապես հետո խուզարկություններ են սկսվել Արտգործնախարարության բոլոր սենյակներում։ Նախագահ Գյուլը շտապ խորհրդակցություններ է կազմակերպում մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ գաղտնի զրույցի մասնակիցների հետ։ Արդեն երեկոյան Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների որոշմամբ, այդ երկրում արգելվել է Youtub-ը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայանալիք տեղական ընտրություններից առաջ Թուրքիայում գրեթե ամեն օր հրապարակվում են աղմկահարույց գաղտնի ձայնագրություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: