Newsbook.am-ը գրում է.
Այսօր ոչիշխանական ուժերի` վարչապետի հեռացման պահանջի մասին խոսել է նաև ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Պետք է նկատել, որ մականունավոր պատգամավորը գեթ մի քանի օր պետք է պաուզա վերցներ մտքի «գոհարները» շաղ տալուց առաջ, քանի որ հենց այսօր Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից հայոց լեզվի փոքրիկ դասընթաց էր կազմակերպել: Այնուամենայնիվ, փորձենք կռահել, թե ինչ միտք է փորձել բարբառել Առաքել Մովսիսյանը` իր լուր լրատվամիջոցների:
«Չեմ ուզում շատ բան ասեմ, բայց բոլորը Հանրապետականի մոտ են գալիս: Եթե ինձ մոտ մեկը տենց բան ասի, նկարը կդնեմ դեմը, որ ժամին, որ րոպեին ա ուզեցել էս կողմ գալ: Եթե մարդ մի բանից դժգոհ ա լինում ու չի արտահայտվում, ինֆարկտը շուտ խփում, մեռնում ա: Պիտի մեջդ չպահես ոչ մի բան: Ինձ ինչ հետաքրքրում ա, ես պրյամոյ կառավարությանն ասում եմ»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: Փաստորեն, չի բացառվում, որ մոտ ապագայում Առաքել Մովսիսյանին «ինֆարկտը» խփի, քանի որ նա գիտի, թե ոչիշխանական ուժերի ո՞ր պատգամավորներն են ցանկություն ունեցել անցնել հակադիր ճամբար, բայց զսպել են իրենց և դեռևս չեն իրագործել մեծ երազանքը:
Պատկերացնո՞ւմ եք` Առաքել Մովսիսյանը գիտի նրանց անունները հատ-հատ, անգամ գիտի, թե ո՞ր րոպեին են նրանք ուզել ճամբարափոխ լինել, բայց պարտիզանի պես լռում է և ոչ ոքի ոչինչ չի ասում: Համաձայնեք, որ այդ զուսպ կեցվածքը փողոցային վարքուբարքով և բառուբանով աչքի ընկնող մարդուն լավ բանի չի հասցնի:
Մարինա Բաղդագյուլյան