Ժիրինովսկին այսօր հանդես է եկել հերթական սկանդալային ու իրեն հատուկ ոճով արված հայտարարությամբ, որով մասնավորապես առաջարկել է Ուկրաինայի արևմտյան հարևաններ Հունգարիային, Ռումինիային ու, իհարկե, Լեհաստանին իրար մեջ բաժանել Ուկրաինայի արևմուտքը, իսկ Ռուսաստանն իրեն կվերցնի երկրի մնացած մասը:
Այն, որ Ժիրիկը Ռուսաստանի պալատական ծաղրածուն է, ամենևին էլ նորություն չէ: Այն, որ Ժիրինովսկին հանճարեղ փիարշիկ է, ու հիմա հնարավորինս շատ դիվիդենտներ է ուզում քերել՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով ստեղծված քաղաքական նոր իրադրությունից՝ ևս անհերքելի փաստ է: Սակայն փաստ է նաև, որ հաճախ Կրեմլը Ժիրինովսկուն օգտագործում է քողարկված այնպիսի մեսիջներ ուղարկելու համար, որոնք չի կարող իրեն թույլ տալ պաշտոնական մակարդակով, ու սա կարող է լինել այդպիսի դեպքերից մեկը:
Եթե մի պահ ենթադրենք, որ ռուսական բանակի ներխուժումը, այնուամենայնիվ, անխուսափելի է լինելու, ապա քողարկված մեսիջի տարբերակը խիստ արժանահավատ է թվում, որովհետև այն իդեալականորեն տեղավորվում է Պուտինի խիստ պրագմատիկ ու հաշվենկատ ռազմավարության մեջ: Ի վերջո, եթե Ռուսաստանը որոշել է գրավել Ուկրաինան, ապա Ռուսաստանին պետք է, որ այդ պրոցեսը լինի հնարավորինս անցավ, ինչը անհնար կլինի, եթե Ուկրաինան կլանվի ամբողջությամբ՝ արևմտամետ-բանդերական Արևմուտքի հետ հանդերձ: Փոխարենը կարելի է կանգ առնել 1939 թվականի սահմանների վրա, իսկ Արևմուտքը տալ արևմտյան հարևաններին՝ այնտեղ առկա գլխացավանքի (նացիստների, բանդերականների, ազգայնականների ու այլ զրթուզիբիլի) հետ հանդերձ: