Ցավոք, քաղաքական կյանքում գարնան առաջին օրը դարձավ քաղաքական ընդդիմության կողմից իշխանության համար պայքարի հերթական առիթ: Նիկոլո դե Մաքիավելին, երբ հանուն նպատակների արդարեցնում էր միջոցները, ի նկառի ուներ պետության գերագույն շահերն ու համազգային խնդիրները: Մեր ընդդիմությունն այն իջեցրել է սեփական, ավելի շուտ անձնական ամբիցիաների մակարդակի: Հերթական անգամ դրանում համոզվում ենք մարտիմեկյան հանրահավաքների ու դրանցում հնչած ելույթների մեկնաբանություններից: Տեր-Պետրոսյանի՞ ելույթն էր նման Ծառուկյանի ելույթին, թե հակառակը: Կարծում եմ՝ էական չէ, հատկապես, որ նրանցում չկային գիտագործնական կամ համազգային նշանակության բանաձևեր: Չկար Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման, էներգետիկ, կոմունիկացիոն, տնտեսական անխափան և անվտանգ ապահովման, սոցիալական նոր քաղաքականության, գաղափարական, հոգևոր, իրավական, արժեքային, գիտա-կրթական ու մշակութային նոր մոդելներ: Աշխարհը փոխվում է, ընդ որում փոխվում է շատ արագ տեմպերով, առաջ բերելով նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ, իսկ մեր հարգելի ընդդիմադիրների քաղաքական մեղեդին մնում է նույնը: Ի՞նչ կարող ես անել, քաղաքական միտքը չունի նոր արգասիքներ, և պետք է բավարարվենք եղածով: Իշխանափոխություն են ուզում, պարզ է, ուղղակի այդ դեպքում ինչ կապ ունի Մարտի մեկը: Ես չգիտե,մ թե ինչպիսի շախմատասեր է մեր երկրի առաջին նախագահը, բայց ցուգցվանգի մասին նրա պատկերացումները, մեղմ ասած, առ ոչինչ են: Որովհետև որպես նախկին նախագահ, օբյեկտիվ ու պարկեշտ լինելու պարագայում պետք է, ազնվաբար ասեր. Հայաստանն այսօր իր արտաքին քաղաքական քաշային կատեգորիային ու հարաբերություններին համարժեք կարողացել և կարողանում է ոչ միայն պահպանել, այլև ավելացնել բոլոր այն ակտիվներն ու պոտենցիալը, որոնք նպաստելու են խաղաղ, կայուն, հավասարակշռված, հնարավորինս կանխատեսելի, ժողովրդավարական նորմերով, ու քաղաքական ինքնատիպ ձեռագրով պետության համբավ ունենալու համար: Եվ Տեր-Պետրոսյանը շատ լավ պետք է գիտենա, որ այդ ամենը ժամանակակից աշխարհում հեշտությամբ չի տրվում: Այն ,ինչ հաջողվում է նախագահ Սարգսյանին արտաքին քաղաքական գործընթացներում, մյուսների պարագայում կարող էր և տխուր պատկեր ունենալ: Դրա համար անհրաժեշտ է հաշվարկված, ճշգրիտ, սառը, հաշվենկատ, պրոդուկտիվ ու հետևողական քաղաքականության կրող լինել: Սա է Հայաստանի Հանրապետության շահերի դրսևորման արդարացված ճանապարհը: Այնպես որ, մեր տարբերությունը գնալով դառնում էլ ավելի ակնհայտ. մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել