Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի ելույթի շեշտադրումները ինչ-որ տեղ մանրամասնված շարունակությունն էին ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականների: Երկուսն էլ հիմնականում խոսեցին երկրի ծանր վիճակի մասին և առաջարկեցին այդ վիճակից երկիրը դուրս բերելու անցնցում ճանապարհ: 

Որ երկիրը ծանր վիճակում է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ակնհայտորեն, բյուրեղացել է նաև այն միտքը, որ այս վիճակից երկիրը անցնցում դուրս բերելու համար կա մեկ ճանապարհ` դա ժողովրդի, ակտիվ քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և համատեղ ջանքերի ճանապարհն է: Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաև խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները:

Ավելին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իշխանություն, որի գերխնդիրը ամեն գնով իշխանություն պահելը չէ, պետք է դրական գնահատի այդ ելույթները և առաջարկվող ուղիները, որովհետև դրանք ամբողջությամբ տեղավորվում են Սահմանադրության և ժողովրդավարության շրջանակներում և դրանք կարող են հանգեցնել քաղաքական այնպիսի գործընթացների, որոնք ոչ թե կխարխլեն, այլ կամրապնդեն մեր երկրի պետականության հիմքերը և կվերականգնեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: 

Հայաստանում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված են 2017-ին և 2018-ին: Հայաստանը չունի ժամանակի նման շռայլություն և քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական ռեսուրսներ` սպասելու այդ ընտրություններին, հատկապես մտքում ունենալով նախորդ ընտրությունների փորձը: 

Հետևաբար, կառավարության հրաժարականը իրոք որ այսօր այն տրամաբանական քայլն է, որը մեր հասարակությունը կարող է դնել իշխանությունների առաջ` հասնելու դրան խորհրդարանական գործընթացներով և կամ օրինականության շրջանակներում` հասարակության հրապարակային պահանջով: 

Բնականաբար, անհրաժեշտ է նաև ընդհանրական գաղափարական հենք և ծրագիր, որը կհանդիսանա այլընտրանք այսօրվա քաղաքականությանը և որը կտա մեր ժողովրդին և հասարակությանը հույս և հեռանկար երկրի ապագայի նկատմամբ: Այս հեռանկարը հնարավոր է կյանքի կոչել ոչ իշխանական ուժերի կորիզի վրա` բայց և լայն քաղաքացիական ու արտախորհրդարանական ուժերի ընդգրկում ունեցող կառավարության ձևավորումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել