ՄԱԿ-ի ԱԽ-ն փետրվարի 22-ին վերջապես ընդունեց Սիրիային վերաբերող վիճահարույց բանաձևը: Ինչպես հիշում եք, դեռ շաբաթներ առաջ այդ բանաձևն իր նախնական տեսքով ներկայացվել էր Անվտանգության խորհուրդ՝ Ավստրալիայի, Լյուքսեմբուրգի և Հորդանանի ներկայացուցիչների կողմից, որը Ռուսաստանն ու Չինաստանն համարել էին անթույլատրելի և միակողմանի: Հիշեցնեմ, որ փաստաթուղթը կոչ էր սիրիական իշխանություններին՝ ապաշրջափակել գրավված քաղաքաները և թույլ տալ միջազգային համապատասխան կառույցներին, կազմակերպություններին մարդասիրական օգնություն տրամադրել սիրիացի ժողովրդին, այլապես ռեժիմի հանդեպ պետք է կիրառվեին խիստ պատժամիջոցներ:
Այժմ այս փաստաթուղթը միաձայն ընդունվեց, բայց այն ընդունվեց միայն որոշ «երաշխիքներով». Ռուսաստանը ներկայացրել է որոշ փոփոխություններ: Առաջին` ներկայիս բանաձևը պատասխանատվությունը դնում է երկու կողմերի վրա, այլ ոչ թե միայն Ասադի իշխանության՝ կապված որոշ շրջանների ապաշրջափակման հետ, երկրորդ` պատժամիջոցների մասին ոչ մի հստակ կետ չկա: Երկրորդ կետին ի հավելումն, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ ինքնաբերաբար պատժել Սիրիային, եթե անմիջապես չդադարեցվի Հոմսի կամ էլ, ասենք, Հալեպի շրջափակումը: Ինչևէ, սիրիական ընդդիմությունը արդեն իսկ հասցրել է ողջունել այս բանաձևի ընդունումը և որակել է այն որպես «առաջին քայլ սիրիացի ժողովրդի հումանտիր աղետալի խնդիրները լուծելու ուղղությամբ»:
Անկեղծ ասած չգիտեմ, թե այս բանաձևն ինչպես կլուծի Սիրիայում առկա իսկական հումանիտար աղետը, բայց այն, որ առնվազն ինչ-որ բանի շուրջ միջազգային հանրությունը եկել է համաձայնության, արդեն հուսադրող է, բայց պետք է նաև լինել իրատես և հասկանալ, որ այս բանաձևն ունի չափազանց աբստրակտ բնույթ, և չի էլ նախատեսում անգամ պատժամիջոցներ, եթե այն, ի վերջո, ձախողվի: Ինչքան էլ ցինիկ չհնչի, բայց այսօր, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ավելի քան 65.000 մարդ գտնվում է շրջափակման մեջ, և սրանում մեղավոր են ինչպես կառավարական այնպես էլ ընդդիմադիր զորքերը, որոնք օգտագործում են այս մարդկանց՝ հանուն որոշ մարտավարական խնդիրներ լուծելու: Այնպես որ, հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, հուսանք, որ կողմերն, ի վերջո, կգործեն հանուն սիրիացի ժողովրդի, այլ ոչ թե սեփական շահերի, մի բանը, որը չափազանց բարդ է պատկերացնել...



