ԲՀԿ «դարակազմիկ» ու լուռ համագումարից հետո, որպեսզի իրենց «չաղ-ուրախ-բախտավորության» վրա իջած լռությունը չմատնեն, ԲՀԿ-ի ներկայացուցիչները բացահայտ-թաքուն, այստեղ-այլուր-ամենուր «հայտարարում» են` գնալու ենք մինչև վերջ, կտեսնեք: Թե ԲՀԿ-ի «վերջը» որն է, դժվար է հասկանալ, սակայն «ասողները» նկատի ունեն, որ ելնելու են պայքարի «ռեժիմի» դեմ, Մայդան անեն, իշխանությունը վերցնեն, երկնքից երեք խնձոր գցեն, գիտեք` ում համար:
Այնուհանդերձ, նույն «ասողները» կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնողականության մեջ բավականին կրավորական դերակատարություն են ստանձնել, որովհետև անհրաժեշտ թվով ստորագրություններ կարող են և չհավաքվել: Իհարկե, հեշտ չէ. ասենք, առաջիկայում ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ դարձող Աբրահամ Մանուկյանի համար «ղալամ քաշել» կառավարությանն անվստահություն հայտնելու «վեքսիլի» տակ, երբ նա, ըստ «չար լեզուների», համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմ Նավասարդ Կճոյանի էլ ավելի մտերիմ մարդը: Ստեփան Մարգարյանը, ով մինչև վերջ գնացողների առաջին շարքում է (ժամանակին եղել է ՀՀԿ առաջնորդ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականը), ախալքալաքցի Նորոյի մտերիմն է, Նորոն էլ Սերժ Սարգսյանի մտերիմն է: Բելաջոյի Գրիշը` Գրիշա Մարգարյանը, ընդհանրապես այդպես էլ ԲՀԿ-ական չդարձավ, մնաց զտարյուն ՀՀԿ-ական, Բազմասեր Առաքելյանն ու Լյովա Խաչատրյանն էլ եկել էին ԵԿՄ համագումար` Սերժ Սարգսյանին «ակնդրել-ունկնդրելու»:
ՈՒ հենց սա է, որ կոչվում է այլընտրանք, ինչի բացատրությունը հայ քաղաքական միտքը երկար ժամանակ չի կարողանում գտնել. ձևով այլընտրանք, բովանդակությամբ` էլի՛ այլընտրանք:
Որքան պարզ ու հասկանալի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/283217675166815?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել